Հայաստան ապօրինի ներգաղթյալներ տեղափոխելու մասին առարկայական կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել. ԱԳՆ
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան քաղաքական երկխոսության լայն օրակարգ ունեն, սակայն The Times-ի զեկույցում բարձրացված հարցի շուրջ առարկայական կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը:
Նշենք, որ The Times-ը, հղում անելով որոշ փաստաթղթերի արտահոսքին, «տեղեկատվություն» է հրապարակել այն մասին, թե Մեծ Բրիտանիան Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ:
Նշենք, որ «The Times»-ը ապրիլի 15-ին հրապարակած հոդվածում նշում է, թե Մեծ Բրիտանիան Ռուանդայի հետ պայմանավորվածության սխեմայով անօրինական միգրանտներին արտաքսելու շուրջ բանակցություններ է սկսել Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ:
Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանը, ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, օրինակ՝ Ադրբեջանի, էական առաջընթաց է գրանցել մարդու իրավունքների ոլորտում, և ապօրինի ներգաղթյալների վերադարձը Հայաստան չի սպառնա նրանց անվտանգությանը և չի ոտնահարի նրանց իրավունքները, իսկ, օրինակ, Ադրբեջանում մարդու իրավունքների վատ վիճակը բրիտանական իշխանություններին ստիպում է հետապնդման չենթարկել այդ երկրից ապօրինի ներգաղթած անձանց։
Կարծիքներ