Ռուբինյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը կողմ է, որպեսզի առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները բացվեն և հարաբերությունները օր առաջ կարգավորվեն, դա բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից։ Ազգային ժողովում ունեցած ելույթում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը, պատասխանելով«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
Խամոյանը հետաքրքրվեց, թե ինչ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև։
«Պարոն Արշակյան, արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ հանդիպումը անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում։ Ինչպես փաստել էր ձեր գործընկերները, քանի որ երկրում կարևոր գործընթացներ են տեղի ունենում, ի վերջո, կարո՞ղ եք գործընթացների մասին տեղյակ պահել և տեղեկացնել հանրությանը ինչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը։ Նաև կարո՞ղ եք պարզաբանել, թե որտեղ է ձեռք բերվել հատուկ ներկայացուցիչներ ունենալու այդ պայմանավորվածությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու փորձ անելու համար»,- հետաքրքրվեց Խամոյանը։
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանն ի պատասխան նշեց, որ Հայաստանի անկախության հաստատումից ի վեր և այն ժամանակ, երբ Թուրքիան սահմանները փակել է, Հայաստանի կողմից դիրքորոշումը միշտ եղել է այն, որ ՀՀ-ն կողմ է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։
«Այդ տրամաբանությունը չի փոխվել, Հայաստանի Հանրապետությունը այժմ էլ հանդես է գալիս այդ դիրքերից, և մենք առանց նախապայմանների կողմ ենք, որպեսզի սահմանները բացվեն և հարաբերությունները օր առաջ կարգավորվեն։ Դա բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից։ Ինչ վերաբերվում է հանդիպման ընթացքում տեղի ունեցած բանակցություններին, այն հաղորդագրությունը, որ ԱԳ նախարարությունը տարածել է, ըստ էության, բնութագրում է բանակցությունների ընթացքը։ Իսկ եթե դուք ցանկանում եք ավելի խորը և ավելի համապարփակ տեղեկություն ստանալու հենց բանակցությունների բուն ընթացքի վերաբերյալ, կարծում եմ, որ թե գործընկերային, թե ինստիտուցիոնալ տեսանկյունից բոլոր մեխանիզմները կան, որպեսզի մենք նման քննարկում ունենանք և դուք կարողանաք ձեր հարցերը ուղղել»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը։
Խամոյանին չբավարարեցին Հակոբ Արշակյանի պատասխանները, որից հետո Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը փորձեց մանրամասներ ներկայացնել Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպումից։
«Եթե կհիշեք, դեռևս նախորդ տարի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ կա գործընթաց և հայկական կողմը խոսել է ռուսական կողմի հետ Թուրքիայի հետ հնարավոր գործընթաց սկսելու վերաբերյալ, որը հետագայում հաստատեց Հայաստանի ԱԳ նախարարությունը, որից հետո Թուրքիան հայտարարեց հատուկ ներկայացուցիչ նշանակման մասին, որը ողջունեց Հայաստանի ԱԳ նախարարությունը և նշեց, որ նույնպես հատուկ ներկայացուցիչ կնշանակի, որից հետո թուրքական կողմը նշանակեց իր հատուկ ներկայացուցչին, որից հետո հայկական կողմը նշանակեց իր հատուկ ներկայացուցչին։ Այդպես է ձեռք բերվել պայմանավորվածությունները։
Բուն տեղի և վայրի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք է բերվել ռուսական կողմի օգնությամբ, հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տանը։ Հարցրեցիք, թե ի՞նչ նկատի ունեք կառուցողական մթնոլորտ ասելով։ Նկատի ունենք կառուցողական մթնոլորտ։ Հանդիպման արդյունքում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունը հրապարակել են մամուլի հաղորդագրություններ, որոնցում ներկայացվել է, թե ինչ են քննարկել հատուկ ներկայացուցիչները։ Հաղորդագրությամբ հանդես է եկել նաև Ռուսաստանի ԱԳ նախարարությունը»,- եզրափակեց Ռուբինյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ հունվարի 13-ին ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն հունվարի 13-15-ը Մոսկվա է գործուղվել ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, դրան համապատասխան էլ գործուղման ծախսեր:
Նա ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց`Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի ներկայացուցչի հետ բանակցություններ վարել է Ազգային ժողովի կողմի՞ց, թե ի՞նչ այլ նպատակով է Մոսկվա մեկնել ԱԺ բյուջեի հաշվին: Հակոբ Արշակյանն էլ ասաց. «Պետության կողմից բանագնաց է ներկայացված և, ըստ այդմ, բանագնացի գործուղման ծախսերը նույնպես պետությունն է հոգում»:
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե պետության կողմից Ազգային ժողովը լիազորե՞լ է արդյոք ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ, ԱԺ խորհրդում այդ հարցը քննարկվե՞լ է, որ գործուղում են Ռուբինյանին: «Յուրաքանչյուր բանակցության ժամանակ գոյություն ունի պատվիրակություն, պատվիրակության ղեկավար, գոյություն ունի համապատասխան ընթացակարգ, թե ինչ օրակարգով , ինչ ժամկետներով ու ինչ ֆինանսավորմամբ է գործուղվում պատվիրակությունը տվյալ երկիր: Այս դեպքում այդ բոլոր պրոցեդուրաները պահվել են»,-ասաց Հակոբ Արշակյանը` նշելով, թե ընդդիմադիրների մյուս բոլոր հարցերին կարող են հավելյալ պատասխանել:
Կարծիքներ