Ինչպե՞ս կբաշխվեն մանդատները Վրաստանի քաղաքական ուժերի միջև
«Ինչպես սպասվում էր, «Վրացական երազանքի» բոլոր 17 թեկնածուները ստացան պատգամավորական մանդատներ, – կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Այս մասին հայտնում է interpressnews.ge-ն։
«Քիչ առաջ ավարտվեց խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության գործընթացը: Ինչպես գիտեք, 2016-ի նման, ընդդիմությունը, ցավոք, այս անգամ նույնպես հրաժարվեց մասնակցել երկրորդ փուլին: Մենք ունենք քվեարկության նախնական տվյալներ: Ինչպես սպասվում էր, «Վրացական երազանքի» բոլոր 17 թեկնածուները ստացան պատգամավորական մանդատներ: Ըստ այդմ, «Վրացական երազանքը» ապագա խորհրդարանում կներկայացնի 90 պատգամավոր», – ասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների մանդատները բաշխվելու են հետևյալ կերպ. «Միացյալ ազգային շարժում»՝ 36 մանդատ, «Եվրոպական Վրաստան»՝ 5 մանդատ, «Լելո, Աղմաշենեբելի ռազմավարություն», «Հայրենասերների դաշինք» և «Գիրչի կուսակցություն» քաղաքական ուժերը կստանան 4-ական մանդատ, «Քաղաքացիները»՝ 2 մանդատ, «Լեյբորիստական կուսակցությունը»` 1 մանդատ:
«Արդյունքում, մեր միջազգային գործընկերների ջանքերով համաձայնեցված ընտրական համակարգի հիման վրա ստեղծվեց բազմակուսակցական խորհրդարան, որտեղ ներկայացված են 9 քաղաքական սուբյեկտներ, և որտեղ իշխող կուսակցությունը չունի ճնշող մեծամասնություն: Սա լուրջ քայլ է դեպի վրացական ժողովրդավարության զարգացում:
Վստահ ենք, որ նոր բազմակուսակցական խորհրդարանը լավագույն հարթակը կլինի երկրի զարգացման կարևորագույն հարցերի շուրջ քաղաքական բանավեճի համար»,-ասել է Իրակլի Կոբախիձեն:
Կարծիքներ