Միեդ գանգատ ենք ներկայացնելու. Արտակ Զեյնալյանը՝ Ադրբեջանում գտնվող Նարեկ Սարդարյանի գործի մասին
Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու դիմումը:
Freenews.am-ի հետ զրույցում Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ հատուկ միջոցի բավարարման հետ տրված հարցադրումներից դեռևս որևէ պատասխան չեն ստացել:
«Մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն կապվել Հայաստանի իշխանությունների հետ, Նարեկ Սարդարյանի ընտանիքի անդամների հետ: Նարեկին հնարավորություն չեն տվել, որպեսզի նա խոսի իր ընտանիքի անդամների հետ: Հայաստանում նախաքննություն է ընթանում, մենք պատրաստվում ենք առաջիկա օրերին հիմնական գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»-ասաց Զեյնալյանը:
Հարցին, թե երբ են Սարդարյանները կապ հաստատել իրենց որդու հետ, Նարեկ Զեյնալյանը պատասխանեց.
«Տեղեկություն միջնորդավորված են ստացել, որ Նարեկ Սարդարյանը գտնվում է Ադրբեջանի հանրապետության Նախիջևանի ինքնավար մարզում: Առողջական վիճակի և այլ մանրամասների մասին տեղեկությունը չի կարող լինել օբյեկտիվ, քանի դեռ պաշտոնական, պետական մարմինները դրա վերաբերյալ տեղեկություն չեն տվել»:
Հիշեցնենք, որ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում ձիով գնացել էր անասունների հոտի ուղությամբ և չէր վերադարձել: Օրեր անց համացանցում տարածվել էր Նախիջևանում տեսագրված տեսանյութ, որտեղ Նարեկ Սարդարյանը Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան էր խնդրում:
Կարծիքներ