Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Մայիսի 5-ին Բեռնում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի գերատեսչությունների միջև: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները (Anna Ifkovits Horner)։ Հանդիպման մեկնարկին կողմերը ողջունել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև օրերս նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը:

Հայաստանի և Շվեյցարիայի պատվիրակությունները բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված սերտ քաղաքական երկխոսությունը, մշակութային ու գիտակրթական ոլորտներում համագործակցությունը, մարդկանց միջև շփումները և պատրաստակամություն հայտնել քայլեր ձեռնարկել դրանք խորացնելու ուղղությամբ։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում ծավալվող համագործակցության շուրջ և քննարկել փոխաջակցությանը վերաբերող հարցեր։ Շեշտվել է Հայաստանի և Շվեյցարիայի խորհրդարաններում ակտիվորեն գործող բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների խթանման գործում:

Ընդգծվել է առևտրատնտեսական կապերի զարգացման կարևորությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործուն քայլեր ձեռնարկել այն ընդլայնելու ուղղությամբ։ Կողմերն անդրադարձել են Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող շարունակական գործունեությանը. Ընդգծվել է 2022-2025թթ. ռազմավարության կարևորությունը, որի շրջանակում, Հայաստանում նախատեսվում է հավակնոտ ծրագրերի իրագործում։

Խորհրդակցությունների ընթացքում հայկական կողմը ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրներին համապարփակ լուծում տալու անհրաժեշտությունը` վերահաստատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի առանցքային դերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցում: Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերին։

Հայկական պատվիրակությանն ընդունել է Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ Յոհաննես Մաթիասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում