Սումգայիթում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց պետական հովանավորությամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ, որում նշված է.
«1988 թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ և ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը՝ տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ և զանգվածային բռնության։
Սումագայիթում հայկական ծագում ունեցող քաղաքացիների զանգվածային սպանությունները և խոշտանգումները շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում՝ նույն օրինաչափություններով և զարհուրելի դաժանությամբ։ Այդ իրադարձությունների հետևանքով հարյուրավոր հայեր սպանվեցին, շուրջ կես միլիոն հայ ենթարկվեց բռնի տեղահանության: Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբեր, երբ ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը:
Վերհիշելով այս իրադարձությունները՝ մենք ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում դրանց անմեղ զոհերի հիշատակին: Միաժամանակ հավատում ենք, որ այս իրադարձությունները միայն ոգեկոչման ամսաթվեր չեն, այլ նաև պահեր՝ արժևորելու թշնամանքի հաղթահարման անհրաժեշտությունն՝ ապագայում դրա դրսևորումների կրկնությունը բացառելու նպատակով»:
Կարծիքներ