Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պագամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի՝ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ հնչած ելույթներին:
«Ուրեմն դիվանագետների ինչ-որ խմբի անունից հարթակից խոսում են մարդիկ, ովքեր 2021 թվականի մայիսին՝ Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ, թողեցին ու փախան դիվանագիտական այդ կարևորագույն խրամատից՝ առանց ղեկավարության թողնելով Արտաքին գործերի նախարարությունը, երբ Կառավարությունը հրաժարական տված վիճակում էր, և բոլորը ժամանակավոր պաշտոնակատար էին, և նույնիսկ նոր նախարար հնարավոր չէր նշանակել:
Հիշեցնեմ՝ ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիայից հետո միաժամանակ հրաժարական էին ներկայացրել Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, ով, ըստ էության, նախարար էլ չէր, այլ նախարարության մի խումբ պաշտոնյաների կամակատար, և գրեթե բոլոր տեղակալները՝ ըստ էության մերկացնելով ՀՀ արտաքին ճակատը:
Եվ հիմա այս մարդիկ առանց ամոթի ինչ-որ պլաններ են ներկայացնում, ինչ-որ լուծումներ առաջարկում:
Մնայիք ու լուծեիք այդ բոլոր հարցերը, թե՞ այն առաջարկները, որ արվում էին Անվտանգության խորհրդի նիստերին, և որոնք պետք է բարձրացնեին ՀՀ սահմանների անվտանգությունը, հաճո չէին ձեր ներքին և արտաքին պատվիրատուներին»,- գրել է նա:
Կարծիքներ