Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմադիր ուժերի 80 տոկոսը չի ուզում արտահերթ ընտրություններ

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմադիր ուժերի 80 տոկոսը չի ուզում արտահերթ ընտրություններ

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարծիքով՝ չնայած ընդդիմության հայտարարություններին, ընդդիմադիր դաշտի 80 տոկոսը չի ուզում, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն: Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Նա նախ անդրադարձ կատարեց խորհրդարանական ընդդիմությանը՝ «Լուսավոր Հայաստան»-ին:

«Ես չեմ համարում, որ «Լուսավոր Հայաստան»-ը կողմ է արտահերթ ընտրություններին: Ես համարում եմ, որ ԼՀԿ-ն գտնում է, որ ընտրություններ պետք չէ անել, և գտնելու է բազմաթիվ պատճառներ, որ խուսափի արտահերթ ընտրություններից՝ ուղղակի օգտագործելով այս ժամանակահատվածը` իր դիրքը կարևորելու համար»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ լավ գիտի նրանց գործելաոճը:

Սիմոնյանը վստահ է, որ «Լուսավոր Հայաստան»-ը և շատ ու շատ հիմնական ընդդիմադիր գործիչներ ու կուսակցություններ այսօր իրականում չեն ուզում արտահերթ ընտրություններ: «Գիտեն, որ արտահերթ ընտրություններով իրենցից շատերը, գրեթե մեծամասնությունը չեն հաջողելու: Ընդդիմադիր դաշտում գտնվող ուժերի 80 տոկոսը չեն ուզում արտահերթ ընտրություն»,-նշեց նա:

ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ ընտրություն անելու իմաստը քաղաքական դաշտում կայունություն բերելն է: Ընտրության ժամկետների մասով հստակեցում չկա, քննարկում է տեղի ունենում: «Քննարկում է տեղի ունենում իմ կողմից նշված քաղաքական ուժերի հետ, և ուզում ենք, որ ժամկետները նաև նրանց համապատասխան լինեն»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց՝ կան նաև ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր, որոնք պետք է լուծվեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում