ԱՀ ՆԳՆ-ն դիմելու է ՌԴ խաղաղապահներին. մանրամասներ ադրբեջանցիների կողմից հայ գյուղացիներին թիրախավորելու դեպքից
Ադրբեջանցիների կողմից Արցախի Սարուշեն գյուղի ուղղությամբ իրականացրած կրակոցների դեպքի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը պատրաստել է համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար: Այս մասին նշեց ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ ներկայացնելով մանրամասներ դեպքի վերաբերյալ:
«Ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ.Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին: ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Շ.Սարգսյանից և Վ.Հարությունյանից բացատրություն են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, պատրաստել համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար: Բացի այդ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության կավելացվեն հենակետերը»,-ասաց Հունան Թադևոսյանը:
Հունան Թադևոսյանը նաև տեղեկացրեց, որ չնայած միջադեպին, գյուղացիները շարունակում են իրենց դաշտային աշխատանքը:
Կարծիքներ