Եթե դուք ԱԱԾ նախկին ղեկավար եք և հասցրել եք գաղտնալսվել, մի շտապեք պրոֆեսիոնալ կարծիքով կիսվել․ Ալեքսանյանը՝ Վանեցյանին
Այսօր Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Pegasus» ծրագրով գաղտնալսել են իր և իր ընտանիքի անդամների բջջային հեռախոսները։ Նա դրանում մեղադրել էր իշխանություններին։
Վանեցյանի նշված գրառմանն անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ Ինչ-որ մեկը Հայաստանում պաշտոնատար անձանց հեռախոսները գաղտնալսելու, դրանցում պահվող ինֆորմացիային տիրանալու համար փորձել է հեռախոսներում ներդնել ամենայն հավանականությամբ՝ «Pegasus» ծրագիրը, որը ստեղծել է իսրայելական NSO ընկերությունը։
Փորձ է արվել ներդնել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորների հեռախոսներում։
«Էփլը զգուշացում-նամակ է ուղարկել այդ օգտատերերին։
Հատկանշանական է, որ հատկապես Արթուր Վանեցյանն է ծանր տարել էդ փաստը ու մեղադրել դրանում իշխանություններին։ Էն Արթուր Վանեցյանը, ով թույլ տվեք ասել, որ երբեք աչքի չի ընկել իրեն գաղտնալսողներին բացահայտելու տաղանդով։
Apple-ը իր զգուշացման մեջ օգտագործել է «state sponsered» բառակապացությունը, որը բանից անտեղյակ կամ լավ էլ տեղյակ, բայց մանիպուլյացիաների համար ամեն ինչի պատրաստ ընդդիմադիրներին ստիպել է կամ առիթ է տվել պնդելու, որ ահա՜ տեսեք, ուրեմն սա Հայաստանի իշխանություններն են անում, այնինչ Apple-ը իսրայելական NSO ընկերության արտադրանքը հանդիսացող Պեգասուսը նկատի ունի, որովհետև NSO-ն է, որ անվանում է state sponsered։ Այսինքն կամայական մեկը՝ փողոցի խուլիգանից մինչև օրինակ՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, եթե փորձի հետապնդել ձեզ Պեգասուսի օգտագործմամբ՝ դա Apple-ի պրիզմայով կհամարվի State sponsered attack։
Էնպես որ խնդրում եմ ՝ եթե դուք ԱԱԾ նախկին ղեկավար եք ու հասցրել եք ձեր կարճ պաշտոնավարման ընթացքում նաև գաղտնալսվել, հիմա էլ Apple-ից ինչ-որ նամակ եք ստացել, մի շտապեք միանգամից ձեր հույժ պրոֆեսիոնալ կարծիքով կիսվել հանրության հետ։ Նախ անտիվիրուս քաշեք, հետո ակտիվացրեք, հետո էլ թարմացրեք Ios-ը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։
Կարծիքներ