Միջադեպ խորհրդարանի դահլիճում. նիստն ընդմիջվեց
![Միջադեպ խորհրդարանի դահլիճում. նիստն ընդմիջվեց](https://freenews.am/uploads/images/image_750x_61e542aec33e8.jpg)
ՀՀ ազգային ժողովի նիստն ընդմիջվեց, խորհրդարանի նիստերի դահլիճում միջադեպ տեղի ունեցավ:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել էր «ազդեցության գործակալի» մասին թեզերին: «Ես ուզում եմ ընդամենը մեր ընդդիմադիր գործընկերներին տեղեկացնել, որ մարդուն փորձել պիտակավորել հեղափոխության կամ որևէ այլ ժամանակաշրջանում որևէ երկրում գտնվելը բերել, կապել ազդեցության գործակալության հետ, դա նույնն է, որ ինչ-որ մեկի ազգանունից ելնելով նրան կապել գործակալ լինել-չլինելու հետ: Խնդրում եմ ձեր շուրջը նայել, ազգանունների մեջ կարող է հանկարծ կասկածելի ազգանուններ հայտնաբերեք»,-ասաց Արշակյանը՝ նշելով, որ, սակայն խորհուրդ չի տա, քանի որ դա սխալ գործելաոճ է:
Արշակյանի ելույթի ժամանակ տեղից խոսեց «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը, սակայն լսելի չէր, թե պատգամավորն ինչ է ասում: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց պատգամավորին: «Եվ ձեր ամբողջ խմբակցությանն արդեն կոչ եմ անում՝ հանգստացեք»,-ասաց Ռուբինյանը:
Ռուբինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց, Ռուբինյանը ոտքի կանգնեց, ապա, քանի որ դահլիճում տարբեր պատգամավորները շարունակում էին խոսել, նա հայտարարեց ընդմիջում:
Ընդմիջում հայտարարելուց հետո էլ անգամ պատգամավորները նիստերի դահլիճից չէին հեռանում, նրանք շարունակում էին կանգնած խոսել:
Կարծիքներ