Մուշի ոստիկանները բնակարանային գուղությունների և փորձի դեպքեր են բացահայտել՝ հայտնաբերելով գողոնը
Հուլիսի լույս 10-ի գիշերը Գյումրիում բնակվող մի կին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տվեց, որ մտել են որդու բնակարան ու գողացել համակարգիչ և կենցաղային իրեր։ Հաղորդումն ընդունելուն պես Մուշի ոստիկաններն անցան բնակարանային գողությունը բացահայտելու միջոցառումներին։ Բնակարանը Շիրակացու փողոցում էր, մուտքի դուռը վնասված չէր։Վարկած առաջ քաշվեց, որ տուն են մտել լուսամուտով, իսկ գողոնը դռնով են հանել, քանի որ, բացի համակարգչից ու կենցաղային իրերից, տնից հափշտակվել էին նաև բանալիներ։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ էլի են բնակարան մտել ու գողություն արել, բայց այս անգամ դուռը բացել էին գողացած բանալիով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մուշի ոստիկանները պարզեցին կասկածվողի ինքնությունը։ Շուտով հայտնի դարձավ նաև նրա գտնվելու վայրը, և Գյումրիում ապրող 32-ամյա տղամարդը հայտնաբերվեց։ Նա իրավապահներին ներկայացրեց գողությունների մանրամասները՝ հայտնելով, որ հուլիսի 2-ի գիշերը բարձրացել է շենքի տանիք, կոտրել բնակարանի խոհանոցի ապակին ու մտել տուն։ Այս դրվագից հինգ օր անց՝ հուլիսի 7-ի գիշերը, կրկին մտել է հիշյալ բնակարան՝ արդեն գողացած բանալիով բացելով դուռը ։ Մի անգամ էլ է մտել, գողացել սավաններ, որոնք կապել է շենքի տանիքի ճաղավանդակից ու մտել չբնակեցվող մեկ այլ բնակարան, սակայն այնտեղից ոչինչ չի հափշտակել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվեց գողոնը. հափշտակված իրերը նրա բնակարանում էին։ Դրանք առգրավվել են։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Կարծիքներ