Կասֆալտապատվի Հառիճ համայնքի 7-րդ փողոցի 1400 քառակուսի մետր հատվածը
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մոտ նախօրեին կայացել է աշխատանքային խորհրդակցություն մարզի սուբվենցիոն հայտերի ստուգման մշտադիտարկման հանձնաժողովի և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Կարևորելով սուբվենցիոն ծրագրերի իրականացումը Շիրակի մարզում՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանը freenews.am-ի հետ զրույցում փաստեց. «Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համայնք-պետություն համագործակցության յուրօրինակ մոտեցում են, որոնք կյանքի կոչելը պետք է լինի մեր բոլորի աշխատանքի կարևոր պայմանը։ Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի սուբվենցիոն ծրագրերը մեկնարկեն օր առաջ, և բոլոր աշխատանքներն իրականացվեն որակով ու առանց բացթողումների, դրանց ընթացքը պետք է լինի մեր խիստ հսկողության ներքո»,- եզրափակեց մարզի ղեկավարը:
Իսկ freenews.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի Զարգացման ծրագրերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարեն Բադիշյանի խոսքերով սուբվենցիոն ծրագրի շրջանակներում առաջիկայում կասֆալտապատվի Շիրակի մարզի Հառիճ համայնքի 7-րդ փողոցի 1400 քառակուսի մետր հատվածը։ Փաստթաղթերը պատրաստ են և առաջիկայում մարզպետարանը համապատասխան ընթացակարգով կհայտարարի մրցույթ և հաղթող կազմակերպությունն էլ կիրականացնի շինաշխատանքները:
Պաշտոնյայի հավաստմամբ այս աշխատանքների իրականացման ընդհանուր գումարը կազմել է 15 մլն 566 հազար դրամ, որի 60 տոկոսը կտրամադրի պետությունը, այսինքն 9 մլն 339 հազար դրամը, իսկ մնացած 40 տոկոսը՝ համայնքը։ Կիրականացվեն հողային հարթեցման աշխատանքներ, խճային հիմք կկառուցվի և կասֆալտապատվի:
Ի դեպ, Նշենք, որ 2020 թվականին պետական տարեկան բյուջեներով նախատեսված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու համար Շիրակի մարզի 33 համայնքների հետ համատեղ կազմվել և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 64 ծրագրային հայտ և բնութագիր 3 մլրդ 572 մլն 874 հազար դրամ արժեքով, որոնք ոլորտային պետական կառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտային մասնագիտացված կառույցների կողմից արժանացել են հավանության:
Կարծիքներ