Որևէ մեկը չի կարող քննադատվել Հայաստանի բանակի պաշտպանական կարողությունները հզորացնելուն աջակցելու համար․ Լըկորնյու

Որևէ մեկը չի կարող քննադատվել Հայաստանի բանակի պաշտպանական կարողությունները հզորացնելուն աջակցելու համար․ Լըկորնյու

Որևէ մեկը չի կարող քննադատվել Հայաստանի բանակի պաշտպանական կարողությունները հզորացնելուն աջակցելու համար:

Այս մասին այսօր ասել է Ֆրանսիայի ԶՈՒ ղեկավար Սեբաստիեն Լըկորնյուն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ ասուլիսի ընթացքում:

«Մեկ տարի առաջ պաշտպանության վերաբերյալ որոշում ընդունեցինք, և, կարծում եմ՝ զարգացնելու ենք: Ես մենակ չեմ եկել Հայաստան, մեր պատվիրակության կազմում են Սենատի ներկայացուցիչներ, պատգամավորներ նաև Եվրոպայից: Նրանք ևս նշում են այն կարևորությունը, որը մենք տալիս ենք Հայաստանին: Պատվիրակության կազմում են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ, մտավորականներ և, իհարկե, արդյունաբերողներ, որոնք Ֆրանսիայում ռազմարդյունաբերության հիմքում են: Հայաստանի զինված ուժերի զարգացման տեսանկյունից կարևոր է վերապատրաստումը, և դրա վերաբերյալ էր ստորագրված փաստաթուղթը: Կլինեն սպաներ, ենթասպաներ, որոնք կվերապատրաստվեն մեր ռազմական դպրոցներում: Արդեն կա ռազմական խորհրդատու, որը միշտ կգտնվի Հայաստանում և կուղղորդի նաև օդային պաշտպանության ոլորտում՝ հօգուտ ձեր բարեփոխումների:

Երեկ երեկոյան դուք արդեն ստացաք գիշերային տեսանելիության սարքերի, հեռադիտակների առաջին խմբաքանակը: «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայի խմբաքանակը նույնպես կլինի, շատ չմանրամասնեմ՝ ինչ սարքավորումներ են գալու, բայց դրանք բոլորն էլ պաշտպանական նշանակություն ունեն, որովհետև առաջնահերթ է այս տարածաշրջանում և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը:

Որևէ մեկը չի կարող քննադատվել Հայաստանի բանակի պաշտպանական կարողությունները հզորացնելուն աջակցելու համար: Այդ ջանքերը թույլ կտան ձեզ ձեր սահմանները լավագույնս պաշտպանել: ՀՕՊ-երի մասին նույնպես խոսեմ՝ եթե Հայաստանը հրթիռների կարիքը ունենա, դրանք ևս կլինեն ձեր տրամադրության տակ: Եվ դա է հավատարիմ ու վստահելի գործընկեր լինելու հանձնառությունը, երբ խոսքը տվյալ երկրի սուվերենությանն է առնչվում»,- ասել է Լըկորնյուն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում