Չեխիան զորակցում է խաղաղության հաստատման ԵՄ ջանքերին և պատրաստակամ է աջակցել գերիների վերադարձի հարցում․ Պետր Պիրունչիկ
Փետրվարի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:
Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Հայոց հայրապետը, իր օրհնությունը բերելով դեսպանին, մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ առաքելություն: Գոհունակությամբ փաստելով երկու երկրների բարեկամական սերտ հարաբերություններն ու գործակցությունը՝ Նորին սրբությունը հույս է հայտնել, որ դրանք կլինեն շարունակական և բարի արդյունքներ կապահովեն երկու ժողովուրդների համար:
Հայոց հայրապետն ընդգծել է, որ հայ-չեխական կապերի առավել ամրապնդման գործում նաև իր կարևոր նպաստն է բերում Չեխիայի հայ համայնքը: Այս առիթով Գարեգին Երկրորդ կաթողիկոսն ի դեմս դեսպանի իր գնահատանքն է փոխանցել Չեխիայի իշխանություններին և Չեխիայի Կաթոլիկ Եկեղեցուն հայ համայնքի հանդեպ դրսևորվող ջերմ և հոգատար վերաբերմունքի համար:
Նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, Նորին սրբությանը վստահեցրել է, որ իր ներդրումը կբերի հայ-չեխական փոխհարաբերությունների առավել զորացման ու զարգացման գործում:
Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային և գոյաբանական հիմնախնդիրներին, պատերազմի աղետալի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերին։ Այս առնչությամբ Ամենայն հայոց հայրապետը ողջունել է միջազգային կառույցների և բարեկամ երկրների ջանքերը՝ ի խնդիր տարածաշրջանում խաղաղության և կայունության վերահաստատման՝ կարևորելով նաև միջնորդական շարունակական ջանքերը Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների վերադարձման համար։
Իր հերթին դեսպան Պիրունչիկը հաստատել է, որ Չեխիան զորակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատման Եվրամիության ջանքերին, և պատրաստակամություն հայտնել աջակցելու գերիների վերադարձման հարցում։
Կարծիքներ