Գլխավոր դատախազը վերացրել է հանցադեպի բացակայության հիմքով քրգործի հարուցումը մերժելու որոշումը և խոշտանգման հատկանիշներով քրգործ է հարուցել
ՀՀ դատախազությունը շարունակում է ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր դեպքերը պարզելու, այդ մասին ահազանգերը քննչական, դատավարական հնարավոր ողջ գործիքակազմի կիրառմամբ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա դարձնելու, իրավական գնահատականի արժանացնելու իր որդեգրած անշեղ ուղեգիծը:
2020թ. հունիսի 7-ին Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահելու վայրից (ՁՊՎ) ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում իրազկում է ստացվել այն մասին, որ ՁՊՎ ընդունվելիս քաղաքացի Կ. Մ.-ի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ և քրեծվածքներ:
Այդ կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Կ. Մ.-ն վիճաբանել է իր հարևանի հետ, որից հետո ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և նույն վարչության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողների հասցեին տվել է հայհոյանքներ, ձեռքով հարվածներ հասցրել ոստիկանության ծառայողներից երկուսի դեմքին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ցավ:
Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նույն օրը Կ. Մ.-ն ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Վերջինս բացատրություն է տվել այն մասին, որ մարմնական վնասվածքներն ստացել է տան բակում չորացած ծառի ճյուղերը կտրելու ժամանակ՝ հավելելով, որ որևէ մեկն իր նկատմամբ բռնություն չի գործադրել և իրեն մարմնական վնասվածքներ չի պատճառել: Նա հրաժարվել է ենթարկվել նշանակված դատաբժշկական փորձաքննությանը:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 2020թ. հունիսի 17-ին կայացվել է հանցադեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:
2020թ. օգոստոսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Կ. Մ.-ի առցանց դիմումը, որով նա հայտնել է, որ ԶՊՎ-ում իր մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողների կողմից կիրառված բռնության հետևանք են եղել, իսկ այդ մասին մինչ այդ չի հայտնել իր վերաբերյալ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու քննիչի խոստման դիմաց:
Նախապատրաստված նյութերին ՀՀ գլխավոր դատախազությունում ծանոթանալու և կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականության ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ որոշումը հիմնավոր չէ:
Մասնավորապես, ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ կայացրած մի քանի նախադեպային որոշոմների լույսի ներքո խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննության եվրոպական չափանիշներով չեն ապահովվել քննության անկախությունն ու անկողմնակալությունը, քանի որ գործով քննությունն իրականացրել է ՀՀ ոստիկանության այն նույն բաժնի հետաքննիչը, որի ծառայողների գործողություններն առնչվել են ենթադրյալ վատ վերաբերմունքի դրսևորմանը:
Բացի այդ, ողջամիտ կասկածների տեղիք է տվել նաև Կ.Մ.-ի մարմնին հայտնաբերված մարմնական վնասվածքների քանակը և բնույթը: Մինչդեռ նյութերի
նախապատրաստման ըթնացքում միջոցներ չեն ձեռնարկվել այդ վնասվածքները Կ. Մ.-ի բացատրությամբ նկարագրված պայմաններում առաջանալու հանգամանքը պարզելու, մասնավորապես առկա բժշկական փաստաթղթերի հիման վրա դատաբժշկական փորձաքննություն նշանակելու ուղղությամբ:
Ելնելով վերոգրյալից, դեպքի իրական հանգամանքները միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով պարզելու անհրաժեշտությունից և հաշվի առնելով, որ նախապատրաստված, հետաքննիչի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժված նյութերում առկա են պետական ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից Կ. Մ.-ին առերևույթ խոշտանգելու հանցակազմի հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր որոշմամբ վերացրել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ի իրազեկման առթիվ նախապատրաստված նյութերով կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և մի խումբ անձանց կողմից անձին առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:
Կարծիքներ