Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՎԶԵԲ պատվիրակության հետ
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 17-ին, հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակության հետ:
Գվինդաձեն նախարարին է ներկայացրել ՎԶԵԲ ավագ բանկիր Գեորգի Ախալկացիին, որն այս տարվա մայիսից կստանձնի ՎԶԵԲ երևանյան գրասենյակի նոր ղեկավարի պաշտոնը:
Շնորհակալություն հայտնելով աշխատանքային արդյունավետ համագործակցության համար՝ նախարարը նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ աշխատանքային քննարկումները մշտապես բարձր մակարդակի վրա են, և առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ առաջ մղելու և արդյունավետ իրականացնելու համատեղ ծրագրերն ու գաղափարները: Նախարարի խոսքերով՝ ներկայումս ՀՀ տնտեսական շահի պաշտպանությունն առաջնահերթություն է Հայաստանի համար՝ հատկապես տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում:
Պարոն Գվինդաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին ՀՀ ֆինանսների նախարարության հետ ունեցած արդյունավետ համագործակցության, իրականացրած ու հաջողած բազմաթիվ ծրագրերի համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև կանաչ տնտեսությանը, ջրային ենթակառուցվածքներին, քաղաքային միջավայրի զարգացմանն ու տրանսպորտային ցանցի բարելավմանն առնչվող թեմաներին:
Կարծիքներ