Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով Թբիլիսիում ցույց է ընթանում

Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով Թբիլիսիում ցույց է ընթանում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական Ազատության հրապարակում  երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույց է անցկացվում։ Հաղորդում է Aliq Media-ն: Տվյալ հատվածում երթևեկությունն արգելափակված է։ Տեղում են ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժման» առաջնորդներն ու կողմնակիցները:

Տարածքում են գտնվում նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, նկատվում են նաև ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումների տեղաշարժ։ Ավտոբուսներով տարածք են բերվել նաև հատուկ նշանակության ջոկատայիններ:

 

Այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բոլորին խաղաղության կոչ է արել, և ասել, որ այսօր հանգստություն է պետք։

Ղարիբաշվիլին նշել է, որ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ գործի վրա․

«Ընտրություններն ավարտին հասցնելու համար մենք պետք է հանգիստ անցկացնենք երկրորդ փուլը:  Թող բոլորը հաղթեն, թող մեր երկիրը հաղթի և շարունակի խաղաղ զարգացումը: Ես այլևս չեմ ուզում այդքան խոսել բանտարկյալի մասին:  Բավական է, կարծում եմ, շատ հայտարարություններ են արվել, այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ գործի վրա»:

Նշենք, որ սոցիալական ցանցերում նույնպես ստորագրահավաք է կազմակերպվել «Ազատություն Միշային» խորագրով։

Միխեիլ Սաակաշվիլին էլ հայտարարել է, որ, եթե չկարողանա իր կյանքով փրկել երկիրը, ապա իր մահը փարոս կլինի ճանապարհի համար։

 

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանում կարևոր համարվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախորդ օրը հայտարարեց, թե Վրաստանում է, իսկ ավելի ուշ տեսանյութ հրապարակեց` նշելով, թե գտնվում է Բաթումիում:

 

Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը ղեկավարել է 2004-2013 թվականներին: 2013 -ի ընտրություններում պարտվելուց հետո նա լքել է երկիրը, ինչից հետո քաղաքական գործչի դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում: Նա ութ տարուց ավելի է չի եղել Վրաստանում, սակայն բազմիցս խոսել է վերադարձի մասին։ 2015 -ին Սաակաշվիլին կորցրեց Վրաստանի քաղաքացիությունը և գրեթե վեց տարի Ուկրաինայի քաղաքացի է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում