Ռիո դե Ժանեյրոյի կառնավալն այս տարի չի կայանա
Կառնավալի տոնակատարությունը Ռիո դե Ժանեյրոյում, որը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նախատեսում էին անցկացնել հուլիսին, այս տարի ընհանրապես չի կայանա:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին տեղեկացրել է մեգապոլիսի քաղաքապետ Էդուարդու Պաեսը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում հնարավոր չի լինի կառնավալի կազմակերպումն ու անցկացումը:
Գործիչը նշել է, որ ինքն էլ մշակութային իրադարձության մեծ երկրպագուն է և քաղաքագլխի պաշտոնում նախկինում գտնվելիս (2009-2016) մասնակցել է սամբայի դպրոցի երթերին:
Վերջինս հիշեցրել է, որ միջոցառումը մեծ թվով ռեսուրսների ներգրավում և ժամանակ է պահանջում ինչպես մասնակիցներից, այնպես էլ կազմակերպիչներից:
Բրազիլացի գործիչը հույս է հայտնել, որ հաջորդ տարի տոնակատարությունը կկայանա մեծ շուքով:
Հարավամերիկյան երկրում, որը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով երկրորդն է ողջ աշխարհում, արձանագրվել է մահվան ավելի քան 213 հազար դեպք, ինչպես նաև վարակման ավելի քան 8.6 մլն դեպք:
Կարծիքներ