Պատերազմի ընթացքում իրավիճակի մասին բաց ներկայացնելը նշանակում էր սպառել դիմադրության ռեսուրսը. Փաշինյան

Պատերազմի ընթացքում իրավիճակի մասին բաց ներկայացնելը նշանակում էր սպառել դիմադրության ռեսուրսը. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե պատերազմի ընթացքում իրավիճակի մասին ինչու բաց չի ներկայացվել: Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը:

«Մեզ ասում են, թե ինչու մենք իրավիճակի մասին բաց չէինք ներկայացնում: Իրավիճակի մասին բաց ներկայացնելը, ասելը, թե ժողովուրդ, իրավիճակն այսպես է, նշանակում է ընդհանրապես դիմադրության ռեսուրսը սպառել, այսինքն՝ բոլոր քարտերը բացել»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով նրան, թե ինչու նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ասածներին չի հակադարձել, երբ Գասպարյանը դեռ ԳՇ պետ էր և հայտարարություններ էր անում, Փաշինյանն ասաց. «Այսինքն, երկրի վարչապետը պետք է իր ենթակայի հետ հրապարակային բանավեճի մեջ մտնի՞: 100 անգամ չե՞նք դրել այդ հարցը, ասել՝ ժողովուրդ, այսպես է իրավիճակը, կարողանալո՞ւ ենք պահել, թե՞ չենք կարողանալու, ասել են՝ այո, դժվարությամբ, բայց կպահենք: Եվ գրավոր էլ զեկուցել են, որ ոչ մի քայլ հետ սկզբունքով արևելյան օպերացիոն ուղղությամբ մենք կարողանում ենք կանգնեցնել և ջախջախել հակառակորդին: Այդ պայմաններում պետք է գնայինք ու ասեինք՝ ժողովուրդ ջան, 7 շրջանները տալիս ենք, Ղարաբաղի կեսը տալիս ենք, ինչո՞ւ պետք է ասեինք: Եթե նույնիսկ ասեինք, պետք է հանեին այդ թղթերն, ասեին, որ զեկուցել են, թե մինչև «Խաղաղ օվկիանոս պատրաստ են վերցնել, և այս ազգադավ իշխանությունը ծախեց»»:

Փաշինյանը շեշտեց, որ խնդիրն այն է, որ երկրում 30 տարվա ընթացքում չեն ստեղծվել ինստիտուտներ, բաժանվել են ինստիտուտների դիպլոմներ:

2020թ. նոյեմբերի 17-ին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող Օնիկ Գասպարյանն իր ուղերձում նշել էր. «Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու - երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Ավելի ուշ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել էր 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստի ընթացքում այդ ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում