Գրիգոր Մինասյանը Ռեյնդերսի հետ հանդիպմանն անդրադարձել է Եվրահանձնաժողովի փաստահավաք առաքելության՝ ՀՀ այցի արդյունքներին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է: Բրյուսելում նախարարի այցը մեկնարկել է Եվրաանձնաժողովի արդարադատության հարցերով հանձնակատար Դիդիե Ռեյնդերսի հետ հանդիպումով։ Նախարար Մինասյանը, կարևորելով ԵՄ հետ բարձր մակարդակի համագործակցությունը, նշել է, որ Հայաստանում 2018 թվականին ձևավորված Կառավարության կողմից եվրոպական արժեքների և չափանիշների ներդնումը ներպետական իրավական և ինստիտուցիոնալ կառուցակարգերում հռչակվել են պետական քաղաքականության մշակման և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման անկյունաքարային ու բացարձակ ուղնիշներ և տեսանելի են պետական կառավարման ու իրավական համակարգում։
Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունն առավել խորացնելու ԵՄ հանձնառությունը և հավելել, որ Գործընկերության նոր օրակարգի ընդունումն արդարադատության ոլորտում առկա սերտ համագործակցության ընդլայնման կարևոր խթան կհանդիսանա։ Գրիգոր Մինասյանն անդրադարձել է նաև Եվրոպական հանձնաժողովի փաստահավաք առաքելության Հայաստան այցի արդյունքներին՝ նշելով, որ դա եզակի հնարավորություն էր՝ անդրադառնալու ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա վիճակին, ուսումնասիրելու ՀԸԳՀ-ի իրականացումը և մատնանշելու համագործակցության նոր հեռանկարներ, որոնք ներառվել են 2024 թվականի փետրվարի 13-ին կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստի օրակարգում։
Նախարարը ներկայացրել է Հայաստանում դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ռազմավարական բարեփոխումների ընթացքը։ Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ Հայաստանը նախաձեռնել է նոր Սահմանադրության մշակման թափանցիկ և ներառական գործընթաց, որը հնարավորություն կտա ունենալ ՀՀ ժողովրդի կողմից ամբողջությամբ ընդունելի նոր Սահմանադրություն՝ հասցեագրելով առկա մարտահրավերներն ու այն համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին։ Արդարադատության նախարարն ընդգծել է նաև դատաիրավական ոլորտում գրանցած զգալի առաջընթացը՝ ուղղված դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, դատավորի սոցիալական երաշխիքների և մասնագիտության գրավչության բարձրացմանն ու դատավորների անկախության ամրապնդմանը։
Կողմերն անդրադարձել են նաև էլեկտրոնային արդարադատության ոլորտում գրանցված հաջողություններին՝ ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատավարությանը և դատական ակտերի հարկադիր կատարմանը, ինչպես նաև մի շարք այլ թվային գործիքներին։
Կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգերի ու դրանց շարունակական զարգացման մասին խոսելով՝ նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ պետության քաղաքականությունն անզիջում է, իսկ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ջանքերը՝ շարունակական։ Եվրոպական հանձնաժողովի արդարադատության հարցերով հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման և ոլորտային զարգացումների ներկայացման համար, բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան փոխգործակցության մակարդակը և արդարադատության ոլորտում համատեղ ջանքերի արդյունքները։ Հանձնակատարն առանձնակի կարևորություն է տվել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացին և հայտնել ԵՄ պատրաստակամությունն՝ աջակցություն ցուցաբերելու այս ուղղությամբ ևս։ Իր խոսքում հանձնակատարը կարևորել է նաև Հայաստանի կողմից Հռոմի Ստատուտի վավերացումը, ինչպես նաև ՀՀ-ի կողմից Եվրոպայի խորհրդի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիոն մեխանիզմների շարունակական ընդլայնումն ու իրականացումը։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության երաշխավորմանն առնչվող հարցեր, և երկուստեք ընդգծվել ԵՄ շարունակական աջակցության կարևորությունն այս ուղղությամբ։
Կողմերը քննարկել են նաև արդարադատության նախարարության և ԵՄ-ի միջև ընթացիկ համագործակցությունը և աշխատանքները, որոնք ԵՄ բյուջետային աջակցության և երկկողմ ծրագրերի միջոցով անդրադառնում են քննարկված գրեթե բոլոր ոլորտներին։ Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ
Գործընկերության նոր օրակարգի շրջանակներում համագործակցության ընդլայնման ուղղությունները, ինչպես նաև առաջիկայում կայանալիք բարձրաստիճան հանդիպումները, այդ թվում՝ նախարարի հրավերով հանձնակատար Ռեյնդերսի այցելությունը Հայաստան:
Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը շարունակելու է իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում առաջնթաց և շոշափելի արդյունքներ գրանցել:
Կարծիքներ