Փաշինյանը գաղտնիք բացեց Արցախի հարցի վերաբերյալ իր և առաջին նախագահի 2018-ի խոսակցությունից

Փաշինյանը գաղտնիք բացեց Արցախի հարցի վերաբերյալ իր և առաջին նախագահի 2018-ի խոսակցությունից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց 2018-ի ամռանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած հանդիպումից, որում խոսել են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին: Վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ից Աննա Կոստանյանի՝ բանակցային գործընթացում սխալների մասին հարցին և դիտարկմանը, որ առաջին նախագահը կոշտ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին:

«Առաջին նախագահն ունի Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումը, որը մեզ հայտնի է 1997-ին «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածով: Բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ 1996 թվականի նախագահական ընտրություններին առաջին նախագահը մասնակցել է «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» տերմինաբանությամբ, եւ այդ նախընտրական շրջանում ոչ մի խոսք չի եղել խաղաղության, լրջանալու պահի մասին: Հետո այդ օրակարգը ձևակերպվել է որպես 1996-ի նախագահական ձախողված ընտրությունների «exit strategy»: Առաջին նախագահը, ես դեռ 2016-ի հուլիսին Խորենացի փողոցում ունեցած իմ ելույթում հայտարարել եմ, որ առնվազն 2016-ին Սերժ Սարգսյանին ուղեկցել է բանակցային գործընթացում»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը գաղտնիք բացեց, թե առաջին նախագահն ինչ է ասել իրեն 2018-ի հուլիսին իրենց հանդիպմանը: «Հողերը արդեն պետք է տաս»,-մեջբերեց Փաշինյանը:

Նա հարց առաջ քաշեց՝ իսկ ինչի՞ դիմաց, ինչպե՞ս: «Առաջին նախագահի՝ համենայնդեպս այդ օրը ձևակերպված պատկերացումը այդ շրջանակից դուրս չի եղել: Մնացածն արդեն գնահատման հարց է»,-ասաց նա:

Փաշինյանը նաև ասաց. «Այո, ինչպես մենք չենք կարողացել 20 տարի զինված ուժերում չարածն անել 2 տարում, այնպես էլ չենք կարողացել 20 տարում բանակցային գործընթացում չարածն անել 2 տարում: Այո, չենք արել, և դա մեր ձախողումն է: Եվ այդ ձախողման համար ես ստանձնում եմ անձնական պատասխանատվություն»,-ասաց Փաշինյանն  ու հավելեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում այդ պատասխանատվությունը կկրի անձամբ, ժողովրդի կայացրած որոշմանն էլ կհնազանդվեն խոնարհ:

Նա արձագանքեց նաև պատգամավորի՝ «իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքի» մասին ձևակերպմանը: «Եթե մենք իշխանությունը պահելու մոլուցքով առաջնորդվեինք, դեռեւս 2020-ի դեկտեմբերին չէինք առաջարկի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե այդպես լիներ, մենք նաև հիմա չէինք նախաձեռնի արտահերթ ընտրություններ, իհարկե, նաեւ խորհրդարանական ուժերի և ՀՀ նախագահի հետ ունեցած համատեղ որոշումների արդյունքում: Մենք ոչ թե մոլուցքով, ոչ թե սեփական, այլ ժողովրդի իշխանությունն ենք պահում, որովհետեւ նրանից ստացած իշխանությունը նրան վերադարձնելու պարտավորություն ունենք»,-ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում