Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը քննարկել են Արարատ Միրզոյանն ու Բոբ Մենենդեսը
Մայիսի 5-ին ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի հետ։ Հանդիմանը մասնակցել է նաև հանձնաժողովի անդամ սենատոր Ջիմ Ռիչը։
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ամերկյան հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությանը և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի։
Կողմերը գոհունակությամբ են նշել հայ-ամերիկյան երեսունամյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումները։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական ոլորտի զարգացմանը ԱՄՆ կողմից ցուցաբերված աջակցության կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ կատարել այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությանը։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Բոբ Մենենդեզի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման գործում, ինչն կարևոր նշանակություն ունեն արդարության և մարդասիրության արժեքների գերակայության ապահովման, և հետագա ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից։
ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը։
Ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները։
Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին է փոխանցել Բարեկամության շքանշանը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
Կարծիքներ