Ադրբեջանի կողմից առերեսվում ենք միայն մաքսիմալիստական մոտեցումների. ՀՀ ԱԳ նախարար

Ադրբեջանի կողմից առերեսվում ենք միայն մաքսիմալիստական մոտեցումների. ՀՀ ԱԳ նախարար

Տարբեր հանդիպումներում, տարեր ֆորմատներով բանակցություններում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտը Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով իրանցի լրագրողի՝ Պրահայի քառակողմ հանդիպման վերաբերյալ հարցին: 

«Պրահայում կայացած քառակողմ հանդիպումը խաղաղության ջանքերի շրջանակում գործադրվող և կազմակերպվող միակ հանդիպումը չէ: Խաղաղության պայմանագրի շուրջ, նաև ՀՀ-Ադրբեջան հարաբերութուններում առկա  մյուս խնդիրների, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի շուրջ մեր հանդիպումները շարունակական են տարբեր հարթակներում` տարբեր ֆորմատներով: Ամենուր մենք փորձում ենք կառուցողական լինել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ: Եվ թերևս չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ ամենուր իրականում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտը Ադրբեջանի առավելապաշտական, մաքսիմալիստական մոտեցումն է և Հայաստանի հետ փոխադարձ ընդունելի լուծումների գնալու դժկամությունը: Ցավոք, մենք Ադրբեջանի կողմից առերեսվում ենք միայն մաքսիմալիստական մոտեցումների»,-ասաց Միրզոյանը՝ նշելով հայկական կողմի կառուցողականության մասին:

Նա հավելեց՝ մի հանգամանք էլ կա, որը խաղաղություն կառուցելիս մի  կողմի անկեղծությունը կարող է կասկածի տակ դնել: «Դա հետևյալն է՝ երբ խաղաղ բանակցություններ վարելիս զուգահեռաբար շարունակաբար հնչեցվում են ուժի գործադրման սպառնալիքներ, կամ իրականության մեջ այդ ուժը գործադրվում է և ագրեսիա է տեղի ունենում բանակցող մի երկրի կողմից մյուս  բանակցող երկրի նկատմամբ»,-ասաց Միրզոյանը:    

ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ խոչընդոտները կհաղթահարվեն և առաջիկայում կհաջողվի հանգել փոխադարձ ընդունելի լուծումների:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում