21 մլրդ դրամի առերևույթ չարաշահումներ «Երևանի ՋԷԿ»-ում. հարուցվել է քրգործ. դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը, որոնց արդյունքում ձեռք են բերվել բազմաթիվ առերևույթ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես, պարզվել է, որ ընկերությունում շինարարական աշխատանքներն անորակ կատարելու, փաստացի չկատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերով հաշվարկելու և դրանց դիմաց վճարելու, գնումների ընթացակարգերում թույլ տրված չարաշահումների, ընկերության համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով պայմանագրեր կնքելու և այլնի արդյունքում ընկերությանն ու պետությանը պատճառվել է ընդհանուր 21.010.739.100 ՀՀ դրամի վնաս:
Նկատի ունենալով, որ ՊՎԾ կողմից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել փաստաթղթեր կեղծելու, ընկերության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության և ընկերության իրավունքների ու օրինական շահերի խախտման առումով էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, իրենց վստահված դրամական միջոցները վատնելու վերաբերյալ բավարար տվյալներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (յուրացումը կամ վատնելը, որ կատարվել է խոշոր չափերով), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացումը կամ վատնելը, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) ու 325-րդ հոդվածի 2-րդ մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Կարծիքներ