Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանը ձերբակալվել է:
Այվազյանին արդեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով հանցագործություն կատարելու համար (Խուլիգանություն, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով): Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Նախաքննական մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու համար»,- հայտնեց Աբրահամյանը՝ հավելելով, որ միջնորդությունը դեռևս չի քննարկվել:
«Հանցավոր արարքը վերաբերում է ֆեյսբուքյան տեսանյութով նրա արած հայտարարություններին, որտեղ վերջինս ծայրահեղ վիրավորական հայհոյանքներ էր հնչեցրել վարչապետի պաշտոնակատարի և նրան հնարավոր ընտրողների հասցեին»,- ասաց Աբրահամյանը:
Կարծիքներ