Հայերն իրենց ներկայությամբ նպաստում են եվրոպական երկրների զարգացմանը. Իտալիայի նախկին վարչապետ

Հայերն իրենց ներկայությամբ նպաստում են եվրոպական երկրների զարգացմանը. Իտալիայի նախկին վարչապետ

 Ըստ Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի՝ եվրոպական երկրներում հայերն իրենց ներկայությամբ նպաստում են այդ երկրների զարգացմանը: Իտալիայի նախկին վարչապետը նման տեսակետ հայտնեց «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ տեսակապով երկխոսության ընթացքում:

«Փառք Աստծո, որ հայեր կան նաև իմ երկրում, նրանցից շատերին ես անձամբ ճանաչում եմ: Պատմական զարգացումների արդյունքում, որոշ ողբերգական, միգուցե՝ նաև դրական իրադարձությունների հետևանքով հայերը հայտնվել են իմ երկրում»,-ասաց Պրոդին:

Ըստ նրա՝ Հայաստանը Եվրոպայի հետ ավելի ամուր հարաբերություններ է ունենալու՝ մշակույթի, ավանդույթների շնորհիվ, նաև եվրոպական երկրներում հայ ազգի ներկայության շնորհիվ: «Ի դեպ, ձեր ներկայությամբ միշտ ձեր նպաստն եք բերում եվրոպական երկրների զարգացմանը և կայունությանը»,-ասաց Պրոդին:

 Նա նաև նկատեց՝ Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ստիպված է լինելու հավասարակշռություն գտնել բոլոր որոշումներում, բոլոր տեսանկյուններից: «Վստահ եմ, որ մեզ էլ կմտցնեք այդ հավասարության մեջ»,-ասաց նա:

 Խոսելով Հայաստանի և Եվրոպայի համագործակցությունից՝ նա նշեց. «Վստահ եմ, որ քայլ առ քայլ ավելի ենք մոտենալու Հայաստանին և ազդեցություն ունենալու Հայաստանի ճակատագրի վրա»:

Պրոդին վստահ է, որ այդպիսի հարաբերությունները զարգանալու են:

Դիլիջանում անցկացվում է «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ը: Գագաթնաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը,  «Մտքերի գագաթնաժողով»-ի համակազմակերպիչ , Monthly Barometer ամսագրի հիմնադիր Թիերի Մալըրեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում