Առցանցի մասին կարող ենք քննարկել. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ի և ԼՂ-ի միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների մասին
ՀՀ ագզային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի, երկու խորհրդարանների պատգամավորների առցանց քննարկման հնարավորությունը՝ Արցախի շրջափակման պայմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:
Պատգամավորը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիսանում է Հայաստան-Արցախ միջխորհրդարանակն հանձնաժողովի նախագահ, հետաքրքրվեց, թե արդյոք ի վերջո նախատեսվո՞ւմ է հանդիպում, եթե ոչ դեմ առ դեմ՝ նկատի ունենալով Արցախի շրջափակումը, ապա գոնե առնվազն երկու խորհրդարանների պատգամավորների միջև քննարկում՝ ստեղծված իրավիճակի պայմաններում համատեղ ելքեր գտնելու համար:
Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ հանդիպում նախատեսվել էր սեպտեմբերի 19-ին, սակայն սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի պատճառով այդ հանդիպումը հետաձգվել է: «Ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը մի քիչ դժվար է: Եվ այս պահին որևիցե նման քննարկում չկա Արցախի մեր գործընկերների հետ»,-ասաց ԱԺ նախագահը:
Պատգամավոր Մինասյանը նկատեց՝ միջխորհրդարանական համաձայնագիր կա, և դա, մեծ հաշվով, ճանաչվել է նաև այն միջազգային դերակատարների կողմից, որոնք ընդունել են, որ Հայաստանը նույնպես հանձնառու է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից: «Եվ գուցե սա այն հնարավորությունն է, որ փորձ արվի՝ Երևանից Արցախ մեկնելու համար հիմքեր ստեղծել կամ թեկուզ առցանց մակարդակով քննարկում անցկացնել»,-նշեց նա:
ԱԺ նախագահը նշեց՝ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չի պատկերացնում, թե մեկնելու առաջարկն ինչպես կարելի է իրագործել: «Իսկ առցանցի մասին կարելի է քննարկել, հասկանալ: Եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները, ապա՝ ինչու ոչ»,-ասաց Սիմոնյանը:
Կարծիքներ