Ուղիղ 5 տարի առաջ՝ ապրիլի 2-ի առավոտյան, Ադրբեջանը ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով. Ա. Քոչարյան
Ուղիղ 5 տարի առաջ՝ ապրիլի 2-ի առավոտյան, Ադրբեջանը ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով:
Չտարանջատելով 2016թ․ ապրիլյան և 2020թ․ 44-օրյա պատերազմները` ակնհայտ է, որ մեր հերոսները երկու դեպքում էլ աշխարհի անտարբերության ներքո պայքարում էին համամարդկային արժեքների և ապրելու հիմնարար իրավունքի պահպանության համար։
Մեր հերոս տղաների ոչ մի կաթիլ արյուն զուր չի թափվել, նրանք իրենց տուն վերադարձած զինակից ընկերների հետ մեզ բոլորիս ապրելու, արարելու ու կյանքը վերարժևորելու հնարավորություն տվեցին, որը մենք պետք է պահպանենք ամենօրյա, ամենժամյա աշխատանքով, եղբայրությամբ ու նվիրվածությամբ։ Նրանք իրենց արիությամբ ու հոգեկերտվածքով արմատավորեցին իսկական նվիրյալ հայորդու կերպարը մեզ ու գալիք սերունդների համար։
Գլուխ եմ խոնարհում հավերժական փառքով անմահացած մեր հերոսների շիրիմների, անձնուրաց կռված ու ողջ մնացած մեր տղաների, նրանց ծնած ու Հայրենիքին նվիրած ծնողների առջև։
Խաղաղություն չեն խնդրում, այն պարտադրում են՝ ինտելեկտուալ առումով հզոր, նորագույն սպառազինությամբ հարստացված, հայրենիքի արժանապատվության բարձր գիտակցում ունեցող հասարակությամբ ու բանակով, ինչին հասնելու գործում իր ներդրումը պետք է ունենա յուրաքանչյուրս։
Կեցցե՛ն Հայաստանն ու Արցախը
Կեցցե՛ մեր Զինված Ուժերը
Կարծիքներ