Ալեն Սիմոնյանը Բոգդան Կլիխի հետ հանդիպման ժամանակ մտահոգիչ է համարել Լեհաստանի օդանավակայաններում ՀՀ քաղաքացիների համար տարանցիկ վիզայի պահանջը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին:
Ինչպես հայտնում են Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Լեհաստանի հայ համայնքի պաշտոնական կազմավորման 655-ամյակը: Նա հավելել է, որ Հայաստանը բարձր է գնահատում եւ երախտապարտ է այն ջերմ վերաբերմունքի եւ հոգատարության համար, որ հայ ժողովուրդը զգացել է Լեհաստանում:
Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-լեհական միջպետական հարաբերություններում միջխորհրդարանական ակտիվության կարեւորությունը՝ համաձայնելով օրակարգային հարցերի հարստացման անհրաժեշտության հարցում:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հրահրված լայնամասշտաբ ագրեսիային եւ դրա հետեւանքներին: Այս համատեքստում առանձնացվել է Եվրամիության՝ 40 քաղաքացիական դիտորդներ Հայաստանի սահմաններ ուղարկելու վերաբերյալ որոշումը:
Անդրադարձ է եղել նաեւ 2022 թ. օգոստոսի 1-ից ՀՀ քաղաքացիների համար ուժի մեջ մտած՝ Լեհաստանի օդանավակայաններում տարանցիկ վիզայի պահանջին: Ալեն Սիմոնյանն այն մտահոգիչ է համարել՝ հավելելով, որ դա հակասում է վիզաների ազատականացման գաղափարին՝ լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելով ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման համար: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այդ որոշումը կվերանայվի:
Կարծիքներ