Սնանկ քաղաքական օրակարգերը միշտ նույն վախճանն են ունենում. Թորոսյան

Սնանկ քաղաքական օրակարգերը միշտ նույն վախճանն են ունենում. Թորոսյան

Սնանկ քաղաքական օրակարգերը միշտ նույն վախճանն են ունենում, բայց կարող են խաթարել այլ կարևոր օրակարգերի առաջխաղացումը։

Ընդդիմության գործողությունների և խոսույթի իրական վտանգը Ֆրանսիայի հրապարակի ժամանակավոր փակ լինելը չէ, հրապարակը շուտով կդառնա երթևեկելի և մենք կմոռանանք այս կարճաժամկետ անհարմարությունը։ 

Գործող հակաժողովրդավար (հակադեմոկրատական) ընդդիմությունը իր գործողություններով փաստացի փորձում է Հայաստանը մղել լուսանցք և կասեցնել տարածաշրջանային գործոն դառնալու գործընթացը` անկախ նրանից դրա արդյունքում իրենք կդառնան իշխանություն, թե չեն դառնա: Կարևորը, որ Հայաստանը շարունակի մնալ թակարդում` չորոշելու իր սեփական ապագան, հավերժ մնալու հակամարտությունների մեջ, մաշվելու ժողովրդագրորեն և տնտեսապես, դուրս չգալու արդեն մոտ 150 տարի տևող ֆատալիստական (ճակատագրապաշտական) բարդույթներից, ըստ որոնց ամեն ինչ որոշված է մեր փոխարեն և մենք չենք կարող ոչինչ փոխել: Իհարկե այս ամենը համեմվում է «կենացային հայրենասիրությամբ»` թուրքերին հայհոյելով և այլն: 

Մենք պետք է դուրս գանք այս արատավոր օղակից: Հայ ժողովուրդը երբեք գիտակցված չի ցանկացել և չի էլ կարող ցանկանալ ապրել հավերժ հակամարտությունների ծիրին մեջ լինի դա հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտները: Կոնֆլիկտներն ինքնին կոնֆլիկտ են կոչվում և սահմանվում միջազգային հանրության և կոնֆլիկտի մաս կազմող երկրների կողմից, որովհետև լուծում են պահանջում` հենց լուծում և ոչ թե հավերժական` չլուծում կամ խուսանավում լուծումներից: Հավերժական կոնֆլիկտի մեջ լինելու անխուսափելիությունը շարունակաբար սերմանվել է մեր ժողովրդին կեղծ-ազգայնական ուժերի կողմից հետևյալ պարզ գործիքակազմով` կոնֆլիկտի մյուս կողմին կամ ռազմական հակառակորդին հայհոյելով, իրերի իրական դրությունը թաքցնելով, սեփական ուժերը տասնամյակներ շարունակ գերագնահատելով և միևնույն ժամանակ հենց այդ ուժերը մաշացնելով և չզարգացնելով, լուծման ձգտող անհատներին կամ ուժերին քարկոծելով և այլն:

Հետևաբար, չի կարելի թույլ տալ մեզ ևս մեկ անգամ մղել լուսանցք` զրկելով տարածաշրջանային գործոն դառնալու հնարավորությունից, մեր իսկ ճակատագիրը որոշելու մեր կամքից, ինչն ի վերջո պետք է բերի մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:

Արսեն Թորոսյանի ֆեյսբուքի էջից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում