Հասկանում եմ՝ «Կիկոսի մահը» քիչ գրքերից է, որ կարդացել եք, բայց պետք չէ դրա սցենարը բերել այստեղ. վարչապետը՝ Քոչարյանին

«Մենք որդեգրել ենք որոշակի ռազմավարություն, և այդ ռազմավարությունը հետևյալն է, որ անվտանգային ոլորտում մեր ռազմավարությունների հիմքը պետք է լինի լեգիտիմությունը: Եվ այն, ինչ այսօր ԱԺ-ն վավերացրել է, կարծում եմ, որ մենք պետք է, ըստ արժանվույն, գնահատենք այդ իրադարձությունը, որովհետև մենք դրանով արձանագրել ենք ՀՀ լեգիտիմ տարածքների սահմանների սահմանազատման սկզբունքները, որոնք պետք է կյանքի կոչվեն»:
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին, թե սխալ բան է վավերացվել, և որ խոսքը հատվածային սահմանազատման մասին է՝ Տավուշի օրինակով:
«Պարզ է, որ Հայաստանի ներսում և ՀՀ-ից դուրս կլինեն տեսակետներ, կարծիքներ, մտածված գործողություններ մեզ մեր ռազմավարությունից շեղելու համար, մենք մեր ռազմավարությունից չենք շեղվելու: Պիտի արձանագրեմ նաև, որ Կանոնակարգում սահմանված է ոչ միայն հատվածական սահմանազատման հնարավորություն, այլև գործընթացը ավարտվում է, ըստ էության, ամբողջական սահմանազատմամբ: Իսկ այն, ինչ տեղի է ունեցել Կիրանցում ու Ոսկեպարում, կան տարբեր գնահատականներ, իսկ իմ գնահատականն այն է, որ դա շատ մեծ և շատ լուրջ հաջողություն է առաջին հերթին անվտանգային ոլորտում: Բոլոն ասում էին՝ ինչպե՞ս են երեխաները դպրոց գնալու Տավուշի մարզի Կիրանց գյուղում, երեխաները Կիրաց գյուղում դպրոց գնում են հաճույքով, անվտանգության զգացումով, և Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է, և մենք այս իրադրությունը ուզում ենք ստեղծել ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերում»,- ընդգծեց վարչապետը:
Կառավարության ղեկավարը նաև նկատեց. «Հասկանում եմ, որ գուցե «Կիկոսի մահը» այն քիչ գրքերից է, որոնք դուք կարդացել եք, բայց կանոնակարգում ձեր նկարագրած մեխանիզմներն ամենևին էլ այդպիսին չեն, և պետք չէ ամեն անգամ այդտեղ բերել «Կիկոսի մահ»-ի սցենարները, որ՝ «գնացի մարդի, ունեցա որդի, անունը Կիկոս, գլխարկը պոպոզ, վեր ելավ ծառին, վեր ընկավ քարին, վա՜յ Կիկոս ջան»: Մենք իրականացրել ենք թափանցիկ գործընթաց, և այն, ինչ դուք ներկայացնում եք, ձեր մեկնաբանությունն է, կա Կանոնակարգի տեքստ, որը հրապարակային է»:
Կարծիքներ