Վանաձորի մշակույթի պալատի գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով վարույթ է սկսվել

Վանաձորի մշակույթի պալատի գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով վարույթ է սկսվել

Մարդու իրավունքների պաշտպանը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով ուսումնասիրություն է նախաձեռնել և պարզաբանումների պահանջով գրություններ հասցեագրել իրավասու պետական մարմիններին:

 

Խնդրի բազմակողմանի և համապարփակ ուսումնասիրության նպատակով Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել Վանաձոր քաղաք: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ հասարակական կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, Լոռու մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչների, ավագանու մի շարք անդամների, ինչպես նաև մշակույթի պալատի տնօրենի հետ:

Այս պահի ուսումնասիրության արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է հետևյալ հիմնական խնդիրները՝

չի ապահովվել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը թեքահարթակի քանդման վերաբերյալ որոշման կայացման գործընթացին,

մշակույթի պալատի կողային մուտքերը, որոնք առաջրկվել էին որպես խնդրի լուծում, մատչելի և հասանելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս առնչությամբ Պաշտպանն արձանագրում է, որ կողային մուտքերը մատչելի և հասանելի դարձնելով, այդուհանդերձ, պետությունը չի երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման իրավունքի լիարժեք և արժանապատիվ իրացման հնարավորությունը, քանի որ գլխավոր մուտքը չի ապահովում նման հնարավորություն:

 

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի կարգավորման տեսանկյունից կարևոր է համարում հետևյալ սկզբունքների ապահովումը՝

մշակույթի պալատի գլխավոր մուտքը պետք է լինի մատչելի և հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ առանց խտրականության,

մշակույթի պալատի մուտքի մատչելիությունն ապահովող ցանկացած լուծում պետք է դիտարկվի ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց՝ դրա օգտագործման հաճախականությունից ելնելով, այլ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման պետության պարտավորությունների համատեքստում,

մշակույթի պալատի գլխավոր մուտքն ապահովող ցանկացած լուծում պետք է լինի այնպիսին, որ երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն տեղաշարժվելու իրավունքի իրացումը՝ առանց լրացուցիչ աջակցության անհրաժեշտության: Այս նպատակով համայնքը պետք է ապահովի հավասար հնարավորություններ յուրաքանչյուր անձի համար անկախ հաշմանդամությունից,

մշակույթի պալատի տնօրինությունը պետք է երաշխավորի խնդրի լուծման ցանկացած տարբերակի անխափան և անվտանգ շահագործումը՝ անկախ մշակույթի պալատում միջոցառման առկայությունից,

հաշմանդամություն ունեցող անձինք պետք է լիարժեք ներգրավված լինեն իրենց առնչվող հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը:

 

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, որն ապահովում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանին վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության գործառույթները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում