Կաշառք ստանալու համար մեղադրվող Մարտունու ՌՈ բաժանմունքի պետի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Կաշառք ստանալու համար մեղադրվող Մարտունու ՌՈ բաժանմունքի պետի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ն կաշառք տվողի մատնանշած անձի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ կաշառք: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողի մոտ արգելված իր հայտնաբերելու դեպքը չարձանագրելու և ընթացք չտալու հարցում պաշտոնատար անձին կաշառք տալու միջոցով օգնելու համար վերջինիս հայրը՝ Ս. Հ.-ն, դիմել է Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի զինղեկ Գ. Գ.-ին: Վերջինս էլ, կաշառք տալուն օժանդակելու դիտավորությամբ, նշված հարցով դիմել է իր մտերիմ՝ ՀՀ ՊՆ Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ին, ով ընդունել է կաշառքի առաջարկը:

Այնուհետև Է. Ա.-ն, իր ծառայողական և իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, զինծառայողի օգտին ապօրինի անգործություն կատարելու՝ վերջինիս մոտ արգելված իր հայտնաբերելու դեպքը չարձանագրելու և ընթացք չտալու համար, Գ. Գ.-ի օժանդակությամբ, զինծառայողի հորից 2023 թվականի սեպտեմբերի 12-ին բանկային փոխանցման եղանակով ստացել է խոշոր չափերի՝ 570.000 ՀՀ դրամ կաշառք:

Է. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 549-րդ հոդվածի 1-ին մասով, Գ. Գ.-ին՝ 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ Ս. Հ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:  Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում