Չեմ կարող ենթադրել, թե ինչ տեղի կունենա. Մըրֆին՝ ընտրության վրա սահմանային լարվածության ազդեցության մասին
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին անդրադարձավ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վրա սահմանային լարվածության հնարավոր ազդեցության հարցին:
Երևանում ասուլիսում մասնավորապես անդրադառնալով հարցին, թե սահմանային լարված իրավիճակում ընտրությունների անցկացումն ինչպե՞ս կընթանա, ի՞նչ խոչընդոտներ կարող են առաջանալ՝ Մըրֆին պատասխանեց, որ իրենք երկրորդ օրն է, ինչ Հայաստանում են:
«Մեր՝ Հայաստան ժամանման պահից սկսած մինչև ընտրության օրը և ընտրությունից հետո էլ դիտարկելու ենք տեղի ունեցող գործընթացները: Մասնավորապես մենք դիտարկելու ենք, թե օրենսդրության պահանջներն ինչպես են կիրարկվում Հայաստանում: Դիտարկելու ենք, թե Հայաստանը, լինելով ԵԱՀԿ անդամ պետություն, ինչքանով է իրականացնում իր ստանձնած պարտավորությունները և հանձնառություններն ընտրական գործընթացում: Մենք դիտարկելու ենք այս գործընթացը: Ես չեմ կարող հիմա ենթադրություններ անել, թե ինչ կարող է տեղի ունենալ: Թիմն այստեղ է, և մենք աշխատում ենք»,-ասաց առաքելության ղեկավարը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ:
Կարծիքներ