Հայկական բանկերը դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման պատճառով. Կրեմլ

Հայկական բանկերը դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման պատճառով. Կրեմլ

Հայկական բանկերը ապրիլին դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման պատճառով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են աշխատել «Միր» քարտերի ընդունման հետ կապված իրավիճակը շտկելու և ԱՄՆ-ի ճնշման պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ ԱՄՆ ճնշումը «չի նշանակում, որ ՌԴ-ն չի շարունակում աշխատել հայ ընկերների հետ՝ սեփական ռիսկերը պաշտպանելու և իրավիճակը շտկելու համար»։ 

Հիշեցնենք՝ «Միր» քարտերը մարտի 30-ից դադարել են աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում, բացառություն է կազմում «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքը:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախորդ տարվա սեպտեմբերին հայտնել էր, որ ռուսական «Միր» քարտեր սպասարկող ֆինանսական կառույցները կարող են ենթարկվել ամերիկյան պատժամիջոցների։

Նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում էր, որ ռուսական «Միր» քարտային համակարգի միջոցով կարող են գործարքներ իրականացնել պատժամիջոցների տակ հայտնված անձինք կամ հաստատություններ, հետևաբար բոլոր այն օտարերկրյա ֆինանսական հաստատությունները, որոնք նոր պայմանագրեր կկնքեն կամ կընդլայնեն իրենց համագործակցությունը համակարգի հետ, ռիսկի են դիմում՝ աջակցելու Ռուսաստանին ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու գործում, և այպիսով, նրանք էլ կարող են ենթարկվել պատժամիջոցների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում