Ալեն Սիմոնյանը Շվեդիայի Ռիկսդագի խոսնակին խնդրել է նպաստել հայ գերիների վերադարձին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին:
«Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ հետաքրքիր զրույց ունեցանք: Փաստեցի, որ Հայաստանը խորհրդարանական համագործակցության շրջանակում կարևորում է նաև երկու երկրների օրենսդիր կառույցներում ընդգրկված կուսակցությունների միջև աշխատանքային կապերը:
Խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում Շվեդիայի հետ փոխգործակցության մասին՝ արժևորեցի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ կիրարկումը: Այդ հարցում մեր երկիրն ապավինում է բարեկամ Շվեդիայի աջակցությանը: Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակը ջերմությամբ հիշեց իր այցը Հայաստան:
Գործընկերս կարևորեց այն փաստը, որ պատերազմից հետո Հայաստանը չի նահանջել ժողովրդավարական ուղուց: Հանդիպման ընթացքում անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին՝ փաստելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունների և համաձայնեցված հայտնի սկզբունքների հիման վրա:
Ներկայացրեցի նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և նրանց վերադարձնելու կապակցությամբ տարվող աշխատանքների մասին տեղեկատվություն և խնդրեցի շվեդ գործընկերոջս նպաստել պահվող անձանց՝ օր առաջ Հայաստան վերադարձնելուն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սիմոնյանը:
Կարծիքներ