Առաջին անգամ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք նշված է Լիսաբոնի բանաձևում. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գրում է
«Վարչապետ Փաշինյանն արեց պնդում առ այն, որ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Հետո եղան երեք նախկին նախագահների ճամբարների կոշտ հերքումները, հետո Փաշինյանի բանավեճի հրավերը, հետո մերժումը:
Իսկ իրականում պատճառը, որ սուրբ եռանախագահությունը մերժել է վարչապետ Փաշինյանի բանավեճի հրավերն այն է, որ այդ բանավեճին գալով` Քոչարյանն ու Սարգսյանը մի կողմից, Տեր-Պետրոսյանը` մյուս կողմից, անխուսափելիորեն ստիպված էին լինելու միաժամանակ հերքել Փաշինյանի պնդումը, բայց նաև հաստատել այն:
Օրինակ, Տեր-Պետրոսյանը ստիպված էր լինելու հիմնավորել, որ պնդումը ճիշտ է Քոչարյան-Սարգսյան զույգի մասով:
Չէ՞ որ ինքը` Տեր-Պետրոսյանը, արդեն դա հիմնավորել է 2012 թվականին, երբ, քննադատելով Քոչարյանի ու Սարգսյանի օրոք որպես բանակցային հիմք ընդունված ու հրապարակված Մադրիդյան սկզբունքները, ասել է.
«Սա մի բան է նշանակում`երբ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները դրվում են իրար կողք, դա նշանակում է Ղարաբաղի ինքնորոշումը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` այսինքն, ոչ ավել, ոչ պակաս, ինքնավարություն` ավտոնոմիա Ադրբեջանի կազմում: Թող չխաբեն ոչ մեկին, ուրիշ բան չկա: Սա է, ուրիշ բան չի նշանակում: Ու սրանով, հիմա ասում են հրաշք է, առաջին անգամ է, էդպես չի, էլի սուտ են խոսում:
Առաջին անգամ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք նշված է Լիսաբոնի բանաձևում: Այդքան որ խոսում են, ասում են և այլն, Լիսաբոնի բանաձևը նույնն էր ինչ այս Մադրիդյան սկզբունքները»։
Ու թեև Լիսաբոնի բանաձևի վրա Տեր-Պետրոսյանը վետո էր դրել(թե ինչու ու ինչ էր սա նշանակում, ևս քննարկման առարկա է), 2012-ին էլ հիմնավորել էր, որ Մադրիդյան սկզբունքները նշանակում են Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, 2016 թվականին արդեն նա ասում էր.
«Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին»։
Այսինքն, ըստ Տեր-Պետրոսյանի, Մադրիդյան սկզբունքների ներքո 2016 թվականին սեղանին դրված առաջարկն ըստ էության նույնն էր, ինչ 1997 թվականին`մի քիչ վատը, բայց էությամբ նույնը: Այն Մադրիդյան սկզբունքների որոնք, ըստ նույն Տեր-Պետրոսյանի, Լիսաբոնի վետոյված բանաձևի տրամաբանության կրկնությունն էին ու ենթադրում էին Ղարաբաղ` Ադրբեջանի կազմում:
Իսկ Քոչարյանն ու Սարգսյանը, իրենց հերթին, պիտի ստիպված լինեին բացատրել թե ինչով էր, ըստ իրենց, 1997 թվականի փուլային տարբերակն այդքան վատը: Նրանք պիտի բացատրություն տային, թե ինչպես Լիսաբոնի տրամաբանությունը արտահայտվեց որպես Մադրիդյան սկզբունքներ: Նաև պիտի հակադարձեին, որ հենց Տեր-Պետրոսյանն է 2016-ին ասել, որ 1997-ին ու 2016-ին սեղանին եղած առաջարկներն, ըստ էության, նույն են եղել, ու, հետևաբար, եթե Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ուրեմն նույնը ենթադրում էր 1997-ի տարբերակը:
Ու, ընդհանրապես, պիտի բացատրեին, թե ինչու էր Քոչարյանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը 2008 թվականին ասում, որ Տեր-Պետրոսյանի` 3 տարով նախագահ դառնալու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ վերջինս «Երևի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար»:
Ինչու՞ էր Սարգսյանը նման բան ասում, եթե հիմա` 2024 թվականին իրենք իրենց սուրբ երրորդությամբ ու տարատեսակ առաքյալներով պնդում են, որ մինչև Փաշինյանն ամեն ինչ ճիշտ էր գնում, ու բանակցությունները չեն եղել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին:
Բայց իրենք միմյանց մասին ասված այս ամենն արդեն մոռացել են, չեն ուզում հիշել, որովհետև իրենց նպատակը ոչ թե ճշմարտության վերհանումն է ու ապագայի մասին մտորելը, այլ իրենց ֆան-ակումբների ու ավատարների միջոցով միասնաբար Փաշինյանին առանց բովանդակության մեջ մտնելու մեղադրելն ու պիտակելն է` առանց տեղում ու անձամբ հակադարձում ստանալու ռիսկի»:
Կարծիքներ