Գևորգ Սիմոնյանի կալանքը բեկանելու վերաբերյալ դատախազությունը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել
ՀՀ գլխավոր դատախազությունը Գևորգ Սիմոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ մայիսի 18-ին հատուկ վերանայման բողոք է ներկայացրել՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հիմքով:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս չի ստացել ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ որևէ որոշում»,- հավելեցին կառույցից:
Հիշեցնենք՝ 2023 թվականի մարտի 10-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 անձ ձերբակալվել էին, իսկ մինչ այդ խուզարկություն էր իրականացվել Սիմոնյանի աշխատասենյակում:
Կալանավորված Գևորգ Սիմոնյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ ապրիլի 27-ին ազատ էր արձակվել:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Կարծիքներ