Հայաստանի վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հետ կապված իրավիճակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո։
Վարչապետը նշեց, որ գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու պատրաստակամությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա:
Վարչապետ հիշեցրեց, որ դրանք են՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված հռչակագրի դրույթների հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացումը, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա։
«Վերջինիս համատեքստում անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև հավելեց, որ Հայաստանի և Ղազախստանի համանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության ու անկախության վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք հետաքրքրվածությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային կապուղիների դիվերսիֆիկացման հարցում պարարտ հող են ստեղծում վերոնշյալ ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացման համար:
Կարծիքներ