Մեր թիմի մեծ սխալն այն էր, որ հեղափոխությունից հետո հեղափոխություն չարեցինք, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում․ վարչապետ

Մեր թիմի մեծ սխալն այն էր, որ հեղափոխությունից հետո հեղափոխություն չարեցինք, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի հարցում չոր հաշվարկների և իր պատասխանատվության մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին խոսեց Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ արձագանքելով այն հարցին, թե չի՞ կարծում, որ միջին վիճակագրական քաղաքացին, գուցե, ունի հարցերին իր պրիզմայով, իր տեսանկյունից նայելու հնարավորությունը, բայց նաև քաղաքական գործչի կարողությունն այն է, որ չոր հաշվարկներով և էմոցիոնալ դաշտից դուրս գտնվելով՝ կարողանա ճիշտ որոշումներ կայացնել։

Փաշինյանը պատասխանեց, որ կան իրավիճակներ, երբ չոր հաշվարկը սեղանին դրված է, և դու, դրան նայելով, բախվում ես անհնարինության զգացման։

«Մեր կուսակցական ժողովներից մեկում ասացի՝ մեզ հանցագործությունների մեջ մեղադրում են, բայց, եթե ինձ հարցնեն՝ մեր հանցագործությունն ուրիշ բանի մեջ է․ մեր հանցագործությունը Ձեր ասած չոր հաշվարկն է, որ մենք չեկանք, ժողովրդին չասացինք, որ ժողովուրդ, եկեք խոստովանենք, թե ինքնորոշում (Լեռնային Ղարաբաղի-խմբ․) ինչ է նշանակում»,- ասաց Փաշինյանը։

Հարցին, թե անընդհատ խոսում է ժողովրդի մասին, բայց ինքը  պատասխանատու չի՞ զգում այդ հարցում․ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․

«Բա ի՞նչ եմ անում, որ չեմ զգում պատասխանատու։ Բայց նաև նույն ժողովուրդն էր, որ 2018-ին արեց աննախադեպ մի բան, որն ամբողջ աշխարհին զարմացրեց։ Եվ, երևի, մեր թիմի մեծ սխալն այն էր, որ մենք հեղափոխությունից հետո հեղափոխություն չարեցինք, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում։ Չնայած հիմա էլ, որ քննարկում ենք, թիմի ներսում դիմադրության ենք հանդիպում։ Մեր թիմում շատ ենք խոսում այդ մասին․ բոլորն ասում են՝ դա անհնար էր»։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում