Մեծամոր խոշորացված համայնքում 18 ոռոգման խորքային հոր կվերականգնվի
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մեծամոր խոշորացված համայնքի Բամբակաշատ բնակավայր: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Մարզպետի այցը մեկնարկել է բնակավայրի կենտրոնում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բամբակաշատցի Յուրիկ Գուլաբյանի, Ռազմիկ Մադաթյանի և Հակոբ Պռոշյանի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարին ծաղկեդրմամբ: Այնուհետև Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել վարչական միավորի ղեկավար կազմի և բնակչության հետ, քննարկել ներհամայնքային կարևորություն ունեցող խնդիրներն ու պատասխանել բամբակաշատցիներին հուզող հարցերին:
Բնակավայրում հիմնականում դրական գնահատելով սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների ընդհանուր վիճակը՝ մարզպետն առանձնացրել է ոռոգման համակարգի արդիականացման խնդիրը՝ տեղեկացնելով, որ Մեծամոր խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Բամբակաշատում, համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով նախատեսված է 18 ոռոգման խորքային հորի վերականգնում:
Անդրադառնալով բնակավայրում առկա ընթացիկ խնդիրներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դրանք ամբողջությամբ գույքագրված են, առաջնահերթության կարգով լուծում պահանջող հարցերն էլ քննարկվել են վարչական միավորի ղեկավար կազմի հետ:
«Այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ վերջին տարիներին պետությունը լուրջ միջոցներ է ուղղում համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը: Այս տեմպերով կարող ենք գնահատել, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում բնակչության համար կենսական նշանակության խնդիրները՝ որպես այդպիսին, լուծված են լինելու»,- իր խոսքում ընդգծել է մարզպետը՝ այդ համատեքստում կարևորելով նաև բնակիչների կողմից հարկերի բարեխիղճ վճարումը:
Հանդիպման շրջանակում Էդվարդ Հովհաննիսյանն առանձնազրույց է ունեցել սույն թվականի 9-14-ը Ռումինիայի Հանրապետության Բուխարեստ քաղաքում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում պատվաբեր հաղթանակ գրանցած բամբակաշատցի Արսեն Խաչատրյանի հետ: Մարզպետը շնորհավորել է բազկամարտիկին և մարզաձևը ներկայացնող տարբեր մրցաշարերում լավագույն մասնակցության, Հայաստանի և հայրենի մարզի պատիվը բարձր պահելու համար շնորհակալագիր հանձնել:
Կարծիքներ