Վրացի հայտնի հեռուստալրագրողը հացադուլ է սկսել՝ հաջակցություն Սաակաշվիլիի

Վրացի հայտնի հեռուստալրագրողը հացադուլ է սկսել՝ հաջակցություն Սաակաշվիլիի

Վրացի հայտնի լրագրող, «Մթավարի» ընդդիմադիր հեռուստաալիքի թղթակից Գիգլա Տումանիշվիլին հացադուլ է սկսել՝ հաջակցություն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի:

Ինչպես փոխացնում է Новости-Грузия-ն, լրագրողը հացադուլ է սկսել Ռուսթավի թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ, որտեղ ազատազրկված է Սաակաշվիլին: Տումանիշվիլին պահանջում է, որ երկրի երրորդ նախագահին տեղափոխեն մասնավոր հիվանդանոց:

«Ես պայքարում եմ ոչ միայն Միխեիլ Սաակաշվիլիի փրկության համար: Նրա կյանքին վտանգ է սպառնում, սակայն էլ ավելի մեծ վտանգի առաջ ենք կանգնած մենք բոլորս … Եթե Միխեիլ Սաակաշվիլիին ոչ մի տեղ չտեղափոխեն և սպանեն Ռուսթավի բանտում, կարող եմ ուղիղ ասել, որ մենք կկորցնենք երկիրը և պետականությունը, որոնց պահպանման համար յուրաքանչյուրս պայքարում է ինչպես կարող է»- հայտարարել է հեռուստալրագրողը:

Ռուսթավի բանտի մոտ պարբերաբար ակցիաներ են տեղի ունենում, որոնց մասնակիցները պահանջում են ազատ արձակել Սաակաշվիլիին, որն արդեն 37-րդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում բանտում գտնվելով:

Օրեր առաջ նրա բժիշկը հայտնել էր, որ գործչի մոտ խնդիրներ են ի հայտ եկել՝ կապված խոսքի և հիշողության հետ:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում