Վանաձորում կանխվել է զինված բախումը․ հայտնաբերվել են ատրճանակներ ու զինամթերք
Փետրվարի 11-ին ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ քաղաքացիներ գտնվում են Վանաձորի Մյասնիկյան փողոցում, իրենց մոտ ու ավտոմեքնայում ապօրինի զենք-զինամթերք ունեն և պատրաստվում են վիճաբանել:
Ժամը 14.25-ին նշված փողոցից, «ՎԱԶ-21010» ավտոմեքենայով հանդերձ, ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 6 անձ։ 32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցրվել է ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, և 22 սմ երկարությամբ ծալովի դանակ։
35-ամյա տղամարդու պայուսակից հայտնաբերվել է 3 փամփուշտ և ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։ Ավտոմեքենայի զննությամբ՝ վարորդի կողքի նստելատեղի վրայից, հայտնաբերվել և վերցվել է գործարանային համարը ջնջված, «Մակարով» տիպի ատրճանակի նմանվող ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ