Մենք ուզում ենք նոր տարում նոր էջ բացել ԵՄ-ի ու Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում. Էրդողան
Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան հույս ունի «նոր էջ բացել» ԱՄՆ-ի և Եվրամիության հետ իր հարաբերություններում, և որ Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվել ինչպես ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակից Վաշինգտոնի, այնպես էլ դաշինքի կողմից, հայտնում է reuters.com լրատվական գործակալությունը:
Այս ամիս Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար, և ԵՄ-ն, իր հերթին, պատժիչ միջոցառումներ է նախատեսել` կապված Եվրոպական Միության անդամ Հունաստանի և Կիպրոսի հետ Միջերկրական ծովում տնտեսակն գոտու նկատմամբ իրավունքների վերաբերյալ վեճի հետ, սակայն Միությունը որոշել է դրանք հետաձգել մինչև մարտ:
Խոսելով իր անդամակցած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրենսդիրների հետ՝ Էրդողանն ասել է, որ «արհեստական օրակարգերը» փորձարկում են Թուրքիայի կապերը ԵՄ-ի և Միացյալ Նահանգների հետ 2020 թվականին, սակայն նա հույս ունի, որ իրավիճակը կբարելավվի:
«Թուրքիան բախվում է երկակի ստանդարտների ինչպես Արևելյան Միջերկրական ծովի, այնպես էլ S-400-ների հարցում: Մենք ուզում ենք նոր տարում նոր էջ բացել ԵՄ-ի ու Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում», - նշել է Էրդողանը:
«Մենք չենք տեսնում մեր բազմակողմ քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցությունը որպես այլընտրանք Միացյալ Նահանգների հետ մեր արմատական հարաբերություններին: Եվ մենք ցանկանում ենք, որ ԵՄ-ն ազատվի ռազմավարական կուրությունից, որով Թուրքիան հեռացնում է իրենից», - հավելել է նա:
ԱՄՆ-ի պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ կիրառվել են երկու երկրների միջև առանց այդ էլ լարված հարաբերությունների ֆոնին՝ մի ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ի նորընտիր դեմոկրատական նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ստանձնել նախագահի իր լիազորությունները՝ փոխարինելով գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին:
Անկարան դատապարտել է պատժամիջոցները որպես «լուրջ սխալ» և ասել, որ ակնկալում է, որ Բայդենն ավելի կառուցողական կլինի դաշնակիցների միջև խնդիրների լուծման հարցում՝ սկսած Սիրիայի քաղաքականության շուրջ տարաձայնություններից մինչև S-400-ները:
«Թուրքիան չի խոնարհվի պատժամիջոցների և շանտաժի լեզվի առաջ», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ, ըստ նրա, Բայդենը ցույց կտա թուրք-ամերիկյան հարաբերությունների կարևորությունը:
Կարծիքներ