«Տելեգրամով» թմրամիջոց իրացնելու դեպքեր են բացահայտվել. հանգամանքները պարզվում են
Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները տվյալներ էին ձեռք բերել, որ վանաձորցի մի երիտասարդ իրացնելու նպատակով Վանաձորի Մյասնիկյան փողոցի տարբեր հատվածներում տեղադրում է թմրամիջոցներ։
Ճշտվել է նրա ինքնությունը, իսկ հուլիսի 6-ին Վանաձորի 22-ամյա բնակիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Բազումի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված 14 փաթեթ։
Հետագա միջոցառումներով հայտնի է դարձել, որ նա մինչև բերման ենթարկվելը Վանաձորի տարբեր փողոցներում արդեն իսկ տեղադրել է 16 փաթեթ։
Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ իրավապահները պարզել են, որ և՛ խուզարկությամբ հայտնաբերված 14, և՛ տեղադրած 16 փաթեթները 22-ամյա երիտասարդը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։
Պարզվել է նաև, որ նա տեղադրած ամեն փաթեթի համար կրիպտոարժույթի միջոցով ստացել է 3-4 դոլար։ Երիտասարդն իրավապահներին հայտնել է նաև, որ ինքն այսպես ասած աշխատանքի դիմաց յուրաքանչյուր ամիս ստացել է 1000 դոլար վարձատրություն՝ հավելելով, որ ինքն այս գործունեությամբ զբաղվում է 2,5 ամիս։
22-ամյա երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական մարմնին, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ցույց է տվել այն վայրերը, որտեղ թմրամիջոցով փաթեթներ էր տեղադրել։ 7 փաթեթ հայտնաբերվել է, 9-ը՝ ոչ. հավանաբար գնորդներն արդեն վերցրել էին թմրամիջոցը։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Կարծիքներ