Մերկելը կորոնավիրուսի համավարակն անվանել է մարտահրավեր ժողովրդավարությանը
Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակը մարտահրավեր է ժողովրդավարության համար և ստիպում է կարևոր որոշումներ կայացնել, որոնք երբեմն բերում են քաղաքացիների հիմնարար ազատությունների սահմանափակման: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Այս համավարակը մարտահրավեր է ժողովրդավարության համար: Կառավարության կողմից ազատությունների իրավունքի սահմանափակումը եղել է ամենաբարդ որոշումներից մեկը կանցլերի պաշտոնում իմ գտնվելու ժամանակահատվածում»,- խոստովանել է Մերկելը:
Նրա խոսքով՝ 2019 թվականի վերջին ինքը պատկերացում անգամ չէր կարող ունենալ, որ համավարակն այդքան լուրջ մարտահրավեր կդառնա պետությունների, նրանց հասարակությունների և տնտեսությունների համար:
Գերմանիայում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,6 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 30 հազարը:
Կարծիքներ