Մասկը դարձել է Թրամփի ապագա վարչակազմի առանցքային դեմքերից մեկը
Միլիարդատեր Իլոն Մասկը դարձել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի ձևավորման առանցքային դեմքերից մեկը, հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ վերջին ընտրություններից հետո Մասկը գրեթե ամեն օր լինում է Մար-ա-Լագոյում (Ֆլորիդա) քաղաքական գործչի կալվածքում՝ անմիջական ազդեցություն ունենալով կադրային որոշումների և Թրամփի երկրորդ ժամկետի ռազմավարության վրա։ Նա արդեն մասնակցել է օտարերկրյա առաջնորդների հետ Թրամփի երկու հեռախոսազանգերին, ասել են աղբյուրները։
Մասնավորապես, ABC-ի փոխանցմամբ՝ Վոլոդիմիր Զելենսկու հետ զրույցի ժամանակ Թրամփը նույնիսկ հեռախոսը հանձնել է Մասկին, որպեսզի նա անձամբ քննարկի իրավիճակն Ուկրաինայում՝ երկրի առաջնորդի հետ։ Մասկը մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցին։
Բացի այդ, Մասկն ակտիվորեն մասնակցում է ամերիկյան ներքին քաղաքականության քննարկումներին։ Կիրակի օրը նա հրապարակայնորեն պաշտպանել էր հանրապետական սենատոր Ռիկ Սքոթին և սերտ կապեր է պահպանում Հովարդ Լութնիկի հետ, ով ղեկավարում է Թրամփի անցումային թիմը մինչ քաղաքական գործչի պաշտոնական վերադարձը Սպիտակ տուն։
Մասկի դերը նկատելի էր նաև նախընտրական քարոզարշավում։ Աղբյուրներն ընդգծում են, որ Մասկը դառնում է Թրամփի երկրորդ ժամկետի օրակարգը կերտող գլխավոր դեմքերից մեկը։ Նրա ներգրավվածությունն ընդգրկում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային խնդիրներ՝ հատկապես նշանակալի դարձնելով նրա ազդեցությունը վարչակազմում:
«Մասկը հայտնվել է Թրամփի ընտանեկան լուսանկարում՝ ընտրությունների գիշերը, նրան նկատել են ապագա առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ ճաշելիս և հանգստյան օրերին Թրամփի ընտանիքի հետ գոլֆ խաղալիս»,- գրում է ABC-ն։
Կարծիքներ