Վրաստանն այժմ նպատակահարմար չի համարում «3+3» հարթակին մասնակցությունը

Այս փուլում որևէ նշան չկա, որ Վրաստանի ներգրավվածությունը «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին արդարացված կլինի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով, թեպետ ապագայում նման հեռանկարներ կարող են ի հայտ գալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե «3+3» ձևաչափով հանդիպումներում Վրաստանի ներկայացուցիչների համար միշտ տեղ կգտնվի։
Վրացական Interpressnews լրատվականի փոխանցմամբ՝ Վոլսկին հավելել է, որ Թբիլիսին պետք է սպասի իրադարձությունների զարգացմանը։
Վոլսկին ընդգծել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ճիշտ քաղաքականություն է ընտրել՝ պահպանելով երկրում կայունությունը։
«Երբ հայտնվեց «3+3» ձևաչափի գաղափարը, որտեղ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը և կովկասյան երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, մասնակցում են՝ ստեղծելով տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափ, վաղաժամ է խոսել այն գաղափարի մասին, որ Վրաստանը կմիանա այս ձևաչափին, հատկապես, երբ այդ երկրների միջև ներքին հարաբերությունները լուծված չեն: Օրինակ, ներկայում լարված իրավիճակ է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք աղոթում ենք, որ դա չվերաճի ռազմական հակամարտության։ Թուրքիայի և Ռուսաստանի կամ Իրանի միջև սովորական հարաբերություններ չկան։ Պարզ ասած, այս հարցը դեռ չի հասել այն մակարդակին, որ Վրաստանը շահագրգռված լինի մասնակցել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով», - ասել է նա:
Խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ ամբողջ աշխարհում տեղի ունեցող գործընթացները կձևավորեն Վրաստանի ապագա դիրքորոշումը։
«Վրաստանի և մեր կառավարության համար էական է, որ ոչ մի դեպքում չվնասվեն նրա քաղաքական իմիջը, արտաքին քաղաքական կուրսը, տնտեսական շահերը։ Այնպես որ, սպասենք զարգացումներին։ Ցավոք, Վրաստանը չունի համաշխարհային գործընթացների վրա ազդելու ռեսուրսներ, բայց մենք ճիշտ քաղաքականություն ենք ընտրել և մինչև այս պահը պահպանել ենք կայունությունը մեր երկրում», - եզրափակել է Վոլսկին։
Կարծիքներ