Ադրբեջանն այս պահին տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ

Ադրբեջանն այս պահին տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ

Ադրբեջանն այս պահին ամբողջական տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով հարցին, թե ո՞ր իրավական հիմքով է Գորիս-Կապան ճանապարհահատվածի որոշ մասն ադրբեջանցիներինը համարվում, ԱԽ քարտուղարն ասաց, որ կա ողջամտություն, և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակին գոյություն ունեցած սահմաններն են, Կառավարությունը ելնում է այդ տրամաբանությունից։

«Սահմանագծման և սահմանազատման գործընթաց չենք ունեցել, բայց մոտավոր ունենք պատկերացում այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ականների քարտեզն է։ Այդ քարտեզի հիման վրա պատկերացնում ենք ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը»,- նշեց Գրիգորյանը:

Հարցին՝ ի՞նչ ընթացակարգով է ՀՀ քաղաքացին անցնելու Գորիս-Կապանի այն ճանապարհահատվածը, որտեղ ադրբեջանցիներն իրենց մաքսակետերն են դրել, ԱԽ քարտուղարը ասաց, որ ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի:

«Այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները, վճարելով, կարող են անցնել։ Քանի որ ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, ապա, բնականաբար, քաղաքացիներին հարմար է, որ այդ ճանապարհից օգտվեն»,- եզրափակեց Գրիգորյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում